Խիստ նկատողություն Yandex-ին. Ընկերությունը փորձել է շրջանցել օրենքը

Խիստ նկատողություն Yandex-ին. Ընկերությունը փորձել է շրջանցել օրենքը

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հոկտեմբերի 28-ի նիստում հրապարակվել է Yandex տաքսի ծառայության գործունեության ուսումնասիրության արդյունքները։ Մամուլի հրապարակումների և բողոքների հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։ Պարզվել է,որ ընկերության գործունեությունը չի համապատասխանում օրենքի պահանջին և պարունակում է հակամրցակցային գործունեության տարրեր։ Հանձնաժողովի գնահատականն է, որ Yandex-ի գործունեությունը հակամրցակցային է, սակայն հաշվի առնելով, որ այն նոր ընկերություն է, հանձնաժողովը որոշել է նկատողություն տալ Yandex-ին։

ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Մոսկվայում տեղի ունեցած ԵՏՄ և ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների խորհրդի նիստում հայտարարել էր, որ«Յանդեքս» (Yandex Taxi) տաքսի ծառայության հակամրցակցային գործունեությունը հայտնվել է Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում:

ՏՄՊՊՀ նիստում նշվել է նաև, որ նկատի ունենալով օրենքով սահմանված չափորոշիչներ, ինչպես նաև այն,որ նախքան շուկային վնաս հասցնելը խնդիրը կանխվել է, որոշվել է Yandex-ի հանդեպ կիրառել խիստ նախազգուշացում։

Հանձնաժողովի կողմից Yandex-ի վարքագծի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընկերությունը փորձել է շրջանցել օրենքը. Yandex-ն իր հետ գործակցող բոլոր վարորդներին յուրաքանչյուր պատվերի համար վճարում է 400 դրամ։ Այսինքն, եթե վարորդն օրական կատարում է 10 պատվեր, ապա անկախ նրանից, թե որքան գումար է գանձել, ստանում է 4000 դրամ։ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, սա կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն։ Հանձնաժողովի նիստին մասնակցող Yandex ընկերության ներկայացուցիչներն ընդունել են ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իրենց գործունեությունը՝ աշխատելով օրենքի պահանջին համապատասխան։ Հարցին, թե Yandex-ը հոլանդական ընկերություն է,արդյոք պատրաստվում է գրանցվել Հայաստանում, ընկերության ներկայացուցիչը դրական է պատասխանել։

Արտակ Շաբոյանը նաև հայտնել է, որ էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություն մատուցող մյուս ընկերությունների վարքագիծը ևս ուսումնասիրվել է: Նշվել է, որ «gg տաքսի», «Մոբի տաքսի», «Օ-S պատվեր», «Տաքսի օնլայն», «Վիվա Գոլդ» ընկերությունների գործունեությունը ևս ենթակա է լիցենզավորման, քանի որ ներկայումս այս ընկերությունները չեն վճարում լիցենզավորման տուրք, արտոնագրային վճար, եկամտահարկ։

Ոլորտի կարգավորման համար ՏՄՊՊՀ-ն պատրաստել է համապատասխան օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը կուղարկվի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։

Yandex.Taxi ծառայությունը գործարկվել է 2011-ին: Երևանից բացի, այն գործում է ՌԴ 20 քաղաքում և Մինսկում: Նպատակ կա նման ծառայություններ գործարկել նաև Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում: Ընդհանուր առմամբYandex.Taxi-ին միացել է ավելի քան 70.000 ավտոմեքենա մոտ 500 կարգավարական կետից ու տաքսու ծառայությունից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---