Ամերիաբանկը և ՀՀ արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր

Ամերիաբանկը և ՀՀ արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել են արտահանումը խթանող համաձայնագիր

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ն հոկտեմբերի 28-ին բանկի գլխամասային գրասենյակում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանից արտահանում իրականացնող ընկերություններին ապահովագրել գնորդի չվճարումից՝ պայմանավորված առևտրային և քաղաքական ռիսկերով: Դրա արդյունքում արտահանողները ֆակտորինգային ֆինանսավորում ստանալիս ոչ միայն հնարավորություն են ունենում արտահանված ապրանքների դիմաց ստանալ վաղաժամկետ վճարում՝ մեծացնելով շրջանառու միջոցները, այլ ապահովագրված են լինում գնորդի հետագա հնարավոր անվճարունակությունից: Ֆակտորինգը ստանալով արտահանման պայմանագրի արժույթով՝ միաժամանակ հնարավորություն է ստեղծվում չեզոքացնել արտարժույթի տատանման ռիսկերից հնարավոր բացասական արդյունքը։

Ամերիաբանկի տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Ամերիաբանկն ակտիվ գործունեություն է ծավալում ֆակտորինգային ֆինանսավորման ուղղությամբ, ընթացիկ տարվա 9 ամսվա կտրվածքով բանկի ֆակտորինգային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 50 մլն ԱՄՆ դոլար, որի շուրջ 80%-ը բաժին է ընկնում արտահանման ֆակտորինգին: Այս համաձայնագրի ստորագրումը մեզ հնարավորություն կտա առավել պարզեցված գործընթացով և զսպված ռիսկերով իրականացնել ֆակտորինգային ֆինանսավորումը, ինչը կնպաստի Հայաստանի արտահանման ծավալների մեծացմանը, հետևաբար և հանրապետություն մուտք գործող ֆինանսական հոսքերի աճին»:

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը նշել է. «Ամերիաբանկի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում գործակալության ծառայությունների շահառու հանդիսացող արտահանողներին առավել արդյունավետ կառավարել շրջանառու կապիտալը արտահանմանը հաջորդող տարաժամկետ վճարման փուլում, ավելացնել արտադրության ծավալները, ինչպես նաև, լինելով ապահովագրված օտարերկրյա գնորդների չվճարման ռիսկից, բացահայտել նոր շուկաներ»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---