Նարինե Աբգարյանը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի հաղթող

Նարինե Աբգարյանը` «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի հաղթող

PanARMENIAN.Net - «Յասնայա պոլյանա» գրական մրցանակի պատմության մեջ առաջին անգամ ժյուրին երկու հաղթող է ընտրել «XXI դար» անվանակարգում: 2016-ի դափնեկիրներ են դարձել Նարինե Աբգարյանը և Ալեքսանդր Գրիգորենկոն: Նարինե Աբգարյանն արժանացել է մրցանակին «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի համար:

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային գործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:

Ամենամյա համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին: Մրցանակաբաշխությունը նպաստում է ռուս դասական գրականության ավանդույթների պահպանմանը և ժամանակակից գրականության արդիական միտումների զարգացմանը:

Ներկայացնելով Աբգարյանի գիրքը`ժյուրիի անդամ, գրականագետ Ալեքսեյ Վարլամովը նշել է ստեղծագործության մագնետիզմը: «Գրքեր կան, որոնք կարդալիս մոռանում ես, որ ժյուրիի անդամ ես, մոռանում ես երկար ու կարճ ցուցակների մասին, մոռանում ես, որ ամառ է` ընդհանրապես ամեն ինչի մասին մոռանում ես և ուղղակի շնորհակալ ես հեղինակին զարմանահրաշ աշխարհում հայտնվելու համար: Հենց այդպիսի զգացողությամբ եմ կարդացել Նարինե Աբգարյանի գիրքը: Վեպի գործողությունը տեղի է ունենում Հայաստանի հեռավոր լեռնային գյուղում, որտեղ անշուշտ պատմություն կա, որը, սակայն, տարբերվում է մեծ երկրների պատմությունից` դա մասնավոր, լոկալ պատմություն է»,-կիսվել է նա իր տպավորություններով:

Աբգարյանը և Գրիգորենկոն 1-ական մլն ռուբլի կստանան որպես պարգևավճար:

Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» անվանակարգում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։

2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նվագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։

2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրքը, որի համահեղինակն է Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, 2016-ին՝ «Զուլալի» գիրքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---