Տարեկան 100 մլն դրամ՝ ՀՀ-ում ՌԴ ԶՈՒ օդանավերի սպասարկման համար. Մոսկվան ևս հատուցում է

Տարեկան 100 մլն դրամ՝ ՀՀ-ում ՌԴ ԶՈՒ օդանավերի սպասարկման համար. Մոսկվան ևս հատուցում է

PanARMENIAN.Net - Ըստ 2017 թ. պետբյուջեի նախագծի, ՀՀ օդանավակայանում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար հատկացվելու է 100 մլն դրամ:

PanARMENIAN.Net ը հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ՝ պարզելու՝ ինչու և ինչ իրավական հիմքով է հայկական կողմը փոխհատուցում ՌԴ օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերը և արդյոք ՌԴ-ն էլ փոխհատուցում է ՀՀ ռազմաօդանավերի ծախսերը:

Հարցմանը պատասխանել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը՝ նշելով, որ ՌԴ օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերը հայկական կողմը հատուցում է «ՀՀ Կռավարության և ՌԴ Կառավարության միջև ի շահ Ռուսաստանյան ռազմակայանի միջպետական ռազմական փոխադրումների մասին» 1996 թ. հունվարի 26-ի ու «ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ միջև ռազմական օդանավակայաններում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ ավիացիայի օդանավերի ընդունման, օդանավակայանատեխնիկական սպասարկման և պահպանման կազմակերպման մասին» 1994 թ. օգոստոսի 19-ի համաձայնագրերի հիման վրա:

Հարցին, թե ՀՀ պետբյուջեից տարեկան որքան գումար է դրա համար հատկացվել նախորդ տարիներին, մասնավորապես՝ 2013-2016 թթ., պաշտոնյան պատասխանել է, որ համաձայն ՀՀ Կառավարության 2004թ. փետրվարի 5-ի N217-Ն որոշման ՀՀ պաշտպանության նախարարության և «ԱՐՄ-ԱԵՐՈ» ՓԲԸ-ի միջև 2013-2016 թվականներին կնքվել են պայմանագրեր ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար և համաձայն կատարողական փաստաթղթերի «ԱՐՄ-ԱԵՐՈ» ՓԲԸ-ին տարեկան փոխանցվել է 84.2-ից 110 մլն դրամ. 2013 թ.՝ 110.151.350 դրամ, 2014 թ.՝ 84.244.575 դրամ, 2015թ.՝ 98.472.992 դրամ և 2016-ին՝ 99.718.038 դրամ:

ՀՀ ՊՆ-ին խնդրել էինք պարզաբանել, թե արդյոք ռուսական կողմը փոխադարձաբար հատուցում է հայկական օդանավերի սպասարկման և մատուցվող ծառայությունների ծախսերը: Գերատեսչությունից հայտնել են, որ 1994-ին կնքված նույն համաձայնագրի շրջանակում ՌԴ-ն ևս հատուցում է հայկական օդանավերի սպասարկման ծախսերը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---