Ռ.Քոչարյան. Նոր խորհրդարանի խնդիրն է պահպանել Հայաստանի զարգացման տեմպերը եւ նրա իմիջը

PanARMENIAN.Net - Խորհրդարանի լեգիտիմությունն անթերի է, ինչը թույլ կտա հետագայում արդյունավետ աշխատանք կազմակերպել: Այդ մասին նոր գումարման խորհրդարանի հունիսի 7-ի առաջին նիստում հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Խորհրդարանի այս ընտրությունները մեծ քայլ էին երկրի ժողովրդավարացման գործում եւ իրենց ներդրումն ունեցան Հայաստանի կայունության պահպանման հարցում: Ձեւավորված խորհրդարանական մեծամասնությունը, համագործակցության ընտրված ձեւաչափերը հույս են ներշնչում, որ նրա աշխատանքը արդյունավետ է լինելու: Երկրում ձեւավորվել են քաղաքական համագործակցության մեխանիզմներ` դա կոալիցիոն հուշագիրն է եւ համագործակցության մասին պայմանագիրը, ժողովրդավարական ավանդույթները»,-հայտարարել է նախագահը: Ռ.Քոչարյանը նշել է նաեւ, որ ներկայումս անհրաժեշտ է, առանց գործընթացը ձգձգելու, ընտրել ԱԺ ղեկավարություն եւ կառավարությունը, ինչպես նաեւ կառավարության գործունեության ծրագիրը: Նա հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումներից հետո այդ պատասխանատվությունը մեծապես կլինի կառավարության վրա: «Իշխանությունների գործունեությունը չի կարող ընդհատվել, հատկապես գործադիր իշխանության գործունեությունը: Երկրում բազում խնդիրներ կան, որոնք սպասում են ձեր լուծումներին»,-հայտարարել է Քոչարյանը` հավելելով, որ մեծ հույսեր է կապում խորհրդարանի հետ: «Տնտեսական աճի զգալի տեմպերն ուղղակի պարտավորեցնում են Հայաստանի նոր խորհրդարանին ավելի լավ աշխատել»,-նշել է նախագահը:



«Նավթ չարտահանող երկրների թվում Հայաստանը ամենաարագ զարգացող երկրներից է, եւ ձեր խնդիրն է պահպանել այդ տեմպերը եւ Հայաստանի իմիջը»,-հայտարարել է Ռ.Քոչարյանը: Ընդ որում նա նշել է, որ զարգացման նման տեմպերը անկասկած դժվար է ապահովել, քանի որ աճում է բուն բազան: «Սակայն դա հնարավոր է»,-գտնում է նախագահը:



Նա նաեւ նշել է բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը սոցիալական, կրթության եւ գիտության ոլորտներում, նշելով, որ այդտեղ դեռեւս շատ անելիքներ կան, ինչպես նաեւ հարկային վարչարարության եւ արդար մրցակցային դաշտի ձեւավորման հարցերում:



Խորհրդարանի չորրորդ գումարման առաջին նիստին մասնակցել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որն իր օրհնությունն է բերել Ազգային Ժողովին եւ ցանկացել արդյունավետ աշխատանք, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---