Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Սիրիայի տարածքում ներխուժում է, որին իր ժողովուրդն իրավունք ունի պատասխանելու:
«Մենք մեր երկիրը պաշտպանելու իրավունք ունենք: Խոսքը ներխուժման մասին է: Մենք իրավունք ունենք պաշտպանելու մեր երկիրը ցանկացած ներխուժումից»,-ասել է Ասադը պորտուգալական RTP ալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական ՍԱՆԱ-ի վրա հղումով:
Ինչպես նշել է Սիրիայի նախագահը, իր երկրում գտնվող յուրաքանչյուր ահաբեկիչ «Սիրիայում է հայտնվել Թուրքիայի նախագահ էրդողանի աջակցությամբ»:
«Ուստի պայքարել այդ ահաբեկիչների դեմ, նշանակում է պայքարել «Էրդողանի բանակի» դեմ, ոչ թե թուրքական, այլ հենց «Էրդողանի բանակի»,-ասել է Ասադը:
Նա նշել է, որ անկախ այն բանից երկրը ՆԱՏՕ-ի անդամ է, թե ոչ, իրավունք չունի ներխուժել մեկ այլ պետության տարածք` ըստ միջազգային նորմերի:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: