Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է. Ամփոփվեցին «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի արդյունքները

Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է. Ամփոփվեցին «Կրծքով կերակրման հաղթարշավ»-ի արդյունքները

PanARMENIAN.Net - «Կրծքով կերակրման հաղթարշավ» ծրագրի բովանդակությունն ու ձեռքբերումները դրա մասնակիցներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը, ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը:

«Կրծքով կերակրման հաղթարշավը» իրազեկման ծրագիր է, որն անցկացվել է Հայաստանի չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում և Արմավիրում, ինչպես նաև մայրաքաղաքում: Առանցքային նպատակը կրծքով կերակրման մասին իրազեկումն ու խրախուսումն է:

«Այս ծրագիրը կոչվում է հաղթարշավ, քանի որ, մեր համոզմամբ, կրծքով կերակրող մայրերն ու նրանց երեխաներն արդեն հաղթող են: Կրծքով կերակրումն անփոխարինելի է երեխաների համար, այդ սնունդը բազմաթիվ առավելություններ ունի նրանց առողջության տեսակետից: Ծրագրի հիմնական նպատակն է մարդկանց շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, տեղեկացնել կրծքով կերակրման առավելությունների, կարևորության մասին: Դրա իրականացման ընթացքում նկատել ենք, որ մայրերի շրջանում կրծքով կերակրումն արդեն հպարտության առիթ է դարձել, իսկ կրծքով չկերակրող մայրերը մեղավորության զգացում ունեն», - PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք կրծքով կերակրելու հետ կապված բարդությունները առողջական խնդիրների հետևանք չեն, Ներսիսյանը պարզաբանեց, որ աշխարհում մայրերի մոտավորապես 3%-ը չի կարող կամ չպետք է կերակրի կրծքով առողջական խնդիրների պատճառով, իսկ մյուսները ցանկության դեպքում կարող են դա անել, խնդիրների մեծ մասը ծագում է հենց իրազեկվածության պակասից:

«Կինը պետք է տեղեկացված լինի, թե ինչքան կարևոր է դա, իսկ բարդությունները պետք է հաղթահարել, օրինակ՝ ինչ դիրքով կերակրել երեխային, ինչ կանոնների հետևել, որպեսզի խնդիրներ չառաջանան: Մեր նպատակն այն էր, որ տեղեկատվությունը տարածվի ոչ միայն բուժաշխատողների կողմից, այլև հենց մայրերի, որոնք կերակրում են կրծքով:

Մենք փնտրում, գտնում ու ներկայացնում ենք մայրերի, ովքեր բնազդաբար կամ գիտակցաբար, հեշտությամբ կամ դժվարություններ հաղթահարելով ընտրել են կրծքով կերակրումն ու պատրաստ են խոսել այդ մասին ապագա ու նորաթուխ մայրերի հետ», - նկատեց «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահը:

Ներսիսյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում «Էրեբունի» և Արարատի ԲԿ-ների ծննդատներում հատուկ խորհրդատվական սենյակներ են բացվել, և հղի կանայք պարտադիր պետք է այցելեն այնտեղ խորհրդատվություն ստանալու համար: Ներսիսյանի խոսքով՝ ծրագիրը պիլոտային է, հաջողության դեպքում այդպիսի սենյակներ նաև այլ ծննդատներում կբացվեն:

Արդյունքների ամփոփման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, առաջին անգամ ցուցադրվել են հաղթարշավի ընթացքում ստացված՝ խրախուսող գովազդային պաստառները, պարգևատրվել են կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները, մրցանակներ են շնորհվել բուժաշխատողների շրջանում հայտարարված «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթի հաղթողներին:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է երեխայի իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։

Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Դա կարևոր դեր ունի մանկական մահացության նվացեզման գործում: Նշվել է, որ Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը նշեց, որ նախարարության հետ համատեղ իրականացված ծրագիրը կրծքով կերակրման գաղափարի խրախուսման շարունակական արշավների միայն մի մասն է: Նա նույնպես կարևորեց կերակրող մայրերի դերը հասարակության իրազեկման բարձրացման գործում:

«Մեր նպատակն է, որպեսզի հենց նրանք դառնան գաղափարի ամենաակտիվ ջատագովները՝ փոխանցելով իրենց փորձը, օրինակ՝ սոցիալական ցանցերի միջոցով: Իհարկե, չպետք է մոռանալ նաև, որ այս հարցում բուժաշխատողների դերն անփոխարինելի է», - ասաց Ռադոչայը:

Նրա խոսքով, այս աշխատանքը շարունական կլինի:

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն իր հերթին կարևորեց բնական ճանապարհով երեխային կերակրելը: Նրա խոսքով, Հայաստանում նորածինների միայն 45 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում կյանքի առաջին 6 ամսվա ընթացքում: Սարիբեկյանը նկատեց, որ սա դեռևս բավարար ցուցանիշ չէ:

«Դեռ 1994-ին, երբ ՅՈւՆԻՍԵՖ-ի առաջին միջազգային կոնֆերանսն էր անցկացվում Հայաստանում, մենք ներկայացնում էինք մեր երկրի խնդիրները, նշում, որ պատերազմ է եղել, ստրես է, քաղց է, ճգնաժամ, և դրանց հետևանքով փոքրիկները չեն կարողանում կրծքով կերակրվել, ցուցանիշը նվազել է երեք անգամ. այն ժամանակ երեխաների միայն 20 տոկոսն էր գոնե 4 ամիս կերակրվում կրծքով: Սլովենիայի ներակայացուցիչն իր ելույթում նույնպես ասաց, որ իրենց երկրում պատերազմ է, սակայն ցուցանիշները երկու անգամ ավելացել են, արհեստական սնունդը տարածված չէ: Այստեղ հասկացանք, որ եթե կինը ծննդաբերում է, կարող է նաև կերակրել, բնությունը դա կարգավորում է: Այդ տարիներին մենք մի շարք միջոցառումներ անցկացրինք, բավականին արագ խնդիրը կարգավորվեց, առաջ գնացինք», - ասաց Սարիբեկյանը:

Նա կարևորեց կառավարության կողմից հաստատված կրծքով կերակրման ազգային ծրագիրը, միաժամանակ նշելով, որ խնդիրը դեռ մնում է. Հայաստանում ցուցանիշն ավելի բարձր կարող է լինել, քանի որ, Սարիբեկյանի խոսքով, մայրերի միայն 5 տոկոսի դեպքում կրծքով կերակրման իրական հակացուցումներ կարող են լինել:

ՀՀ-ում կրծքով կերակրման հաղթարշավն իրականացվել է հինգ ճանապարհով՝ լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ, կրծքով կերակրման սենյակների բացում, ֆոտոմրցույթ, կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տարածում:

Այսպիսով՝ մարզային և երևանյան լրատվամիջոցների թիրախավորված հրապարակումներն ընդգծում են կրծքով կերակրման կարևորությունը՝ թեման տեղափոխելով հանրային քննարկումների դաշտ:

«Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթը փակ քվեարկությամբ անցկացվող հարցում է: Այն իրականացվել է մարզային և երևանյան ծննդատներում և պոլիկլինիկաներում՝ բացահայտելու բուժհաստատությունների այն աշխատակիցներին, ովքեր «հայտնի են» համայնքում որպես կրծքով կերակրման ջատագով:

Կրծքով կերակրման սենյակներում ապագա մայրերը կգտնեն կրծքով կերակրմանն առնչվող տարաբնույթ տեղեկատվություն:

Ֆոտոմրցույթն իր հերթին հանրությանը ներկայացնում է կրծքով կերակրումն ընտրող կանանց, նրանց փորձառությունը, կարծիքն ու գնահատականը:

Խրախուսական պաստառների տարածումը ֆոտոմրցույթի տրամաբանական շարունակությունն է: Հաղթողների մասնակցությամբ իրականացված տարբեր ձևաչափերի պաստառները տեղադրվելու են ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում, իսկ մի քանիսն էլ՝ մարզկենտրոնների և Երևանի ամենատեսանելի գովազդային վահանակների վրա:

ՅՈւՆԻՍԵՖ-ը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր բոլոր նախաձեռնություններում: Գործընկերների հետ աշխատում է 190 երկրում և տարածքներում այդ պատրաստակամությունը վերածելու գործնական քայլերի՝ կենտրոնանալով առավել խոցելի և մեկուսացված երեխաների վրա:

«Ընտանիքի ակադեմիա» ՀԿ գործունեության առանցքում ընտանիքն է՝ դրա յուրաքնաչյուր անդամի ֆիզիկական և հոգեկան առողջության, կրթական մակարդակի, սոցիալական աստիճանի բարելավումը: Գործակցելով տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, կազմակերպությունը նախաձեռնում և իրականացնում է առողջապահական, կրթա-դաստիարակչական, սոցիալական ծրագրեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---