Նախագահ. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը շարունակաբար աճել են

Նախագահ. ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը, կենսաթոշակը շարունակաբար աճել են

PanARMENIAN.Net - Վերջին տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար աճել է: Այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ներկայացնելով վիճակագրությունը:

«Եթե 2007թ.-ին այն կազմում էր 20 հազար դրամ, ապա ներկայում այն 55 հազար դրամ է: Այսինքն` օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձն աճել է 2,8 անգամ: Լրջորեն աճել են աշխատավարձերը մեր երկրի պետական հատվածում: Եթե 2007թ.-ին պետական հատվածում նվազագույն աշխատավարձը եղել է 60.985 դրամ, ապա 2016թ.-ի 9 ամսիներին կազմել է 160.688 դրամ: Այսինքն՝ պետական հատվածում աշխատավարձը բարձրացել է 2,6 անգամ: Մասնավոր հատվածում` 2016թ.-ի 9 ամսիների ընթացքում միջին աշխատավարձը կազմել է 214.169 դրամ, 2007թ.-ի` 90. 879 դրամի փոխարեն կամ աճել է 2,4 անգամ»,- ներկայացրել է Սարգսյանը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով` զգալիորեն աճել են նաև կենսաթոշակները: 2007թ.-ին միջին ամսական կենսաթոշակը կազմել է 12.746 դրամ, ապա 2016թ.-ին այն գերազանցել է 42.000 դրամը: Այսինքն՝ աճել է 3,3 անգամ:

«Հարց է ծագում, եթե տնտեսությունը, աշխատավարձը, կենսաթոշակն աճել են, ինչպիսի՞ն է մեզ բոլորիս առաջին հերթին հուզող աղքատության վիճակը: Ազնվորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանում աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված էր հիմնականում արտագնա աշխատանքների եկամուտներով ու դրանցով պայմանավորված սպառմամբ:

Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին: Բավական է նշել, որ 2008թ.-ին ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարած փոխանցումների ծավալը 2,3 մլրդ դոլար էր, 2009թ.-ին այն կտրուկ նվազեց` հասնելով տարեկան 1,6 մլրդի: Ավելին 2015թ.-ին` հաջորդ ճգնաժամի հետևանքով նույն ցուցանիշով ունեցանք արդեն 0,5 մլրդ դոլարի անկում: Նույն միտումը շարունակվում է նաև այս տարի: Այսպիսով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով մեր երկրում կտրուկ աճել էր աղքատության մակարդակը` մեծացնելով աղքատությունը մոտ 9 տոկոսով: 2010թ.-ին այն կազմեց 35, 8 տոկոս, սակայն գործադրված ջանքերի շնորհիվ հաջողվեց այն աստիճանաբար կրճատել` 2015թ.-ին հասցնելով մինչև 29,8 տոկոսի»,- ասել է Սարգսյանը:

Նա հավելել է, որ արտաքին եկամուտների անկմամբ պայմանավորված աղքատության աճը կարողացել են նվազեցնել ներքին տնտեսության իրական աճի հաշվին:

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում նոյեմբերի 26-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թվով 16-րդ համագումարը, որին հրավիրված է մոտ 2000 մարդ, որից 1800-ը ՀՀԿ պատվիրակներն են, իսկ մոտ 200-ը՝ հյուրեր։

ՀՀԿ համագումարին հրավիրված է հայաստանյան 13 կուսակցություն, ինչպես նաև ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Հանրապետական կուսակցության 16–րդ համագումարը վերջինն է 2017-ին խորհրդարանական ընտրություններից առաջ, ուստի սպասվում է, որ փոփոխություններ են լինելու ՀՀԿ ղեկավար կազմում։ Երեկ այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել էր նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նաև վստահություն էր հայտնել, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմում։ Մամուլում ավելի վաղ գրվել էր, որ Կարեն Կարապետյանը լինելու է կուսակցության փոխնախագահ։ Կուսակցությունում սպասվում են նաև կանոնադրական փոփոխություններ։

Կարդացեք նաև՝ Սերժ Սարգսյան. 2017-ի ընտրություններում ՀՀԿ հաղթանակի դեպքում վարչապետը կլինի Կարեն Կարապետյանը

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---