Որոշ սսնդամթերքների ինքնաբավության 60% մակարդակն ակնկալվում է 2021-ին հասցնել 74-76%-ի

Որոշ սսնդամթերքների ինքնաբավության 60%  մակարդակն ակնկալվում է 2021-ին հասցնել 74-76%-ի

PanARMENIAN.Net - Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021թթ. ծրագիրը:

Կառավարության հիմնավորման համաձայն՝ միջոցառումների իրականացման արդյունքում էներգետիկ արժեքով հաշվարկված կենսականորեն կարևորագույն սննդամթերքի ինքնաբավության ներկայիս 60 տոկոս մակարդակի ցուցանիշն ակնկալվում է 2021թ. հասցնել 74-76 տոկոսի:

Բացի այդ, անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների փոխհամաձայնեցված և համակարգված իրականացման համար, տեղական արտադրության հաշվին կբարձրանա կարևորագույն սննդամթերքի նկատմամբ սպառողական պահանջարկի բավարարման մակարդակը, նախադրյալներ կստեղծվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, աղքատության կրճատման, գյուղական համյնքների զարգացման համար:

Միջոցառումների ծրագրի ընդունումը նպատակաուղղված է ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգով նախանշված քաղաքականության դրույթների իրականացմանը:

Կառավարությունը հավանություն է տվել նաև բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցով նախատեսված գործողությունների ու միջոցառումների իրականացման արդյունքների մոնիթորինգի ընթացակարգերին: Հիմնավորման համաձայն, բնապահպանության ռազմավարական պլանավորումը ենթադրում է համակարգային վերլուծության մեթոդների կիրառում և ծրագրերի մշակում ողջ հանրապետության ու տարածաշրջանների կտրվածքով:

Գործադիրը հավանություն է տվել նաև ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգին, որը կնպաստի այդ գործընթացում միասնական մոտեցումների ձևավորմանն ու համակարգված քաղաքականության իրականացմանը:

Հայեցակարգով ներկայացվում են գյուղատնտեսության սուբսիդավորման գերակայությունները, դրանց իրականացման մոտեցումները, ակնկալվող արդյունքները:

Արդյունքում բարենպաստ պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսությունում տնտեսվարողների գործունեության համար, կբարձրանա ռեսուրսային ներուժի առավել նպատակային օգտագործումը, արտադրության մրցունակությունը, ինչն էլ կնպաստի երկրի պարենային անվտանգության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:

Դեռ 2015-ին գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանում, օրինակ՝ ցորենի ինքնաբավության մակարդակը հնարավոր է հասցնել 65-70%-ի:2010-ին ցորենի ինքնաբավության մակարդակը 32% էր, 2015-ին գրանցվել էր 50% ինքնաբավության շեմը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---