Նաիրիտցիների կոչը Կարապետյանին՝ ժամանակավորապես դադարեցրեք գործարանի սնանկության վճիռը

Նաիրիտցիների կոչը Կարապետյանին՝ ժամանակավորապես դադարեցրեք գործարանի սնանկության վճիռը

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի ցույցերը համակարգող խումբը գործարանի ներկա և նախկին աշխատակիցների անունից բաց նամակ է գրել՝ ուղղված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր Սամվել Կարապետյանին։

Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմեն Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել սնանկ ճանաչել «Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ն:«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ն դեռևս 2015-ին տարի դիմել էր դատարան՝ «Նաիրիտը» սնանկ ճանաչելու պահանջով:

Նամակում մասնավորապես ասված է.

«Ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի՝ 2015թ ապրիլի 7-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց:

Ինչպես գիտենք, բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 15։00-ն։

Հայտնի է, որ վերջին ամիսներին ասպարեզում են «Նաիրիտում» ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն «Նաիրիտի» սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և «Նաիրիտը» վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ «Նաիրիտը» կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից»։

Նամակում նշված է, որ հաշվի առնելով Կարապետյանի հնարավորությունները, խնդրում են՝ ժամանակավորապես դադարեցնել Նաիրիտ գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։

«Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորություները՝ «Նաիրիտը» վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք։

Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև. մի կողմում գործարանի, նաև երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում` հազարավոր նաիրիտցիները, որոնց համար «Նաիրիտը» և՛ հարազատ տուն է, և՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք և «Նաիրիտի» սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---