Կառավարությունը Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ է փնտրում

Կառավարությունը Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ է փնտրում

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է Հայաստանի Հանրապետության 10 խոշոր ներկրող կազմակերպության ներկայացուցիչներին՝ լսել ներկրողների գործունեությանն առնչվող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա գործունեության համար:

Տնտեսվարողները, մասնավորապես նշել են, որ վերջին ժամանակաշրջանում փաստաթղթաշրջանառությանը, այդ թվում՝ մաքսային ձևակերպումներին առնչվող հարցերին տրվում են օպերատիվ լուծումներ: Որպես խնդիր նրանք առանձնացրել են բեռնափոխադրումների հետ կապված հարցը, որը պայմանավորված է անբարենպաստ եղանակի հետևանքով Վերին Լարսում ստեղծվող իրավիճակով:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ կառավարությունը ներկայում քայլեր է ձեռնարկում նոր տրանսպորտային սխեմաներ մշակելու և Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ու տնտեսվարողներին առաջարկելու ուղղությամբ, որոնք թույլ կտան ինչպես ներկրումն, այնպես էլ արտահանումը կազմակերպել ավելի նպաստավոր պայմաններում և կանխատեսելի ժամանակահատվածում:

Հանդիպմանը քննարկվել են նաև խոշոր ներկրող կազմակերպությունների գործունեությանը վերաբերող այլ հարցեր, այդ թվում՝ ներկրվող որոշ ապրանքատեսակների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու հնարավորությունը:

Դեկտեմբերի 18-ին վարչապետ Կարապետյանը հանդիպել է նաև ՀՀ 10 խոշոր արտադրող-արտահանող ընկերության ներկայացուցիչների հետ և նշել, որ արտահանման խթանման համար կառավարությունը նախատեսում է ձեռնարկություններին ցուցաբերել գործուն աջակցություն: Մասնավորապես, ոլորտում նախատեսվում է մշտապես մոնիթորինգի ենթարկել արտահանումը կարգավորող իրավանորմերը, բացահայտել և վերացնել վարչարարության խոչընդոտները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերվող մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում արտադրված ապրանքների իրացման հետ կապված արտաքին շուկաներում առաջացող խնդիրները: Կարևորվել է մաքսային վարչարարության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմների մշակումն ու դրանից բխող գործառույթների իրականացումը:

Վարչապետը շեշտել է, որ կառավարությունը հետևողական է լինելու բարձրացված խնդիրների լուծմանը, քանի որ չափազանց կարևորում է Հայաստանում արտահանմանը միտված արտադրական ընկերությունների գործունեությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Հայաստանի 10 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ղեկավարներին՝ լսելու նրանց գործունեությանը խոչընդոտող խնդիրները և կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք բարենպաստ պայմաններ կստեղծեն հետագա զարգացման համար:

Կարդացեք նաև՝ Վարչապետ. Երևանում նոր ժամանակակից երթուղային ցանց պետք է ներդրվի

 Ուշագրավ
«Մանկաբույժն էլ եկավ՝ Սերգեյ Գերասիմովիչը»,- կատակել է քաղաքապետը
Նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես «աշխարհի հնագույն քրիստոնյա երկիր»
Մարաթոնն անցել է «Ես իմ անուշ Հայաստանի» կարգախոսով
Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով