21 դեկտեմբերի 2016 - 12:35 AMT
Կարճամետրաժ ֆիլմերի և լուսանկարների «Ավրորա» մրցույթ է հայտարարվել

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ՝ առանց ժանրային սահմանափակման:

Ֆիլմերը պետք է համապատասխանեն «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրության չափանիշները՝ խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն:

«Մենք ակնկալում ենք, որ ձեր ինքարտահայտման ազատության շնորհիվ ներկայացված ֆիլմերի հիմքում դրված են լինելու ձեր պատկերացումները հույսի, փոխօգնության, անձնվիրության և ավելի լավ ապագա ունենալու գաղափարների մասին», - ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են. տարիք՝ մինչև 40 տարեկան, ֆիլմի տևողությունը՝ մինչև 5 րոպե, ձևաչափ՝ փաստագրական, խաղարկային, անիմացիոն (2D, 3D), այլ, վերջնաժամկետ՝ մարտի 20, 2017թ.: Ֆիլմերը պետք է նկարահանված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո: Ֆիլմերը պետք է ներկայացնել Vimeo կամ YouTube կայքերում վերբեռնված փակ (ոչ հրապարակային) հղումներով:

Կարճամետրաժ ֆիլմերի «Ավրորա» մրցույթի պայմաններին մանրամասն ծանոթացեք այստեղ:

Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ տեղը զբաղեցրած ֆիլմի հեղինակին՝ 2000 ԱՄՆ դոլարի պարգև: Լավագույն 5 ֆիլմերի հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երևանում:

Մրցույթին մասնակցելու համար անցնել այս հղումով:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է նաև լուսանկարչական մրցույթ:

«Միացեք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ ներդնելով ձեր տաղանդն ու երևակայությունը լուսանկարներում, որոնք արտացոլում են «Ավրորա» մարդասիրական մրցանակի ընտրության սկզբունքները՝ խիզախություն, նվիրվածություն և ազդեցություն», - ասված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաղորդագրության մեջ:

Մրցույթին մասնակցելու հիմնական պայմաններն են. տարիք՝ մինչև 40 տարեկան,վերջնաժամկետ՝ մարտի 20, 2017թ.. լուսանկարները պետք է արված լինեն 2016թ. հունվարի 1-ից հետո:

«Ավրորա» լուսանկարչական մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ:

Մասնագիտական ժյուրիի ընտրությամբ հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 2500 ԱՄՆ դոլարի պարգև, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 և 1000 ԱՄՆ դոլարի պարգև: Լավագույն 5 լուսանկարների հեղինակները կստանան բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը Երևանում:

Մրցույթին մասնակցելու համար սեղմեք այստեղ:

«Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների և մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը։