Մոսկվայի դատարանը Ուկրաինայի 2014-ի իշխանափոխությունը պետհեղաշրջում է ճանաչել

Մոսկվայի դատարանը Ուկրաինայի 2014-ի իշխանափոխությունը պետհեղաշրջում է ճանաչել

PanARMENIAN.Net - Մոսկվայի Դորոգոմիլովի շրջանի դատարանը բավարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկի հայցը և 2014-ի իրադարձություններն Ուկրաինայում պետական հեղաշրջում է ճանաչել:

Նիստից առաջ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայցվորը ներկայացրել է Ուկրաինայի նախկին ղեկավարներ` նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի ցուցմունքները, ինչպես նաև ՆԳՆ, ԱԱԾ և այլ գերատեսչությունների ղեկավարներինը: Ըստ վկաների, 2014-ի ձմռանը Ուկրաինայում հեղաշրջում է կատարվել: «Մայդանի կենտրոնակայանը գործում էր ԱՄՆ դեսպանատանը»,-հայտարարել է Օլեյնիկը:

2014-ի փետրվարի 22-ին Ուկրաինայում տեղի ունեցավ իշխանափոխություն: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց Վիկտոր Յանուկովիչին, փոխեց սահմանադրությունը, նախագահի պարտականությունները դնելով խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրություններ նշանակելով մայիսի 25-ին: Յանուկովիչը հայտարարեց, որ ստիպված էր լքել Ուկրաինան ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով:

Նախկին պատգամավորը թվարկել է մի քանի հատկանիշ, որոնք վկայում են, որ դա հեղաշրջում է եղել` վարչական շենքերի զավթում, ցուցարարների կողմից ապօրինի փոփոխություններ օրենսդրության մեջ, նախկին ղեկավարների բռնի հեռացում իշխանությունից: Բոլոր հարցաքննված վկաները հայտարարել են, որ գնահատում են 2014-ի կիևյան իրադարձությունները որպես հակասահմանադրական պետական հեղաշրջում:

Ըստ նախկին պաշտոնյաների, ԵՄ-ն սպառնացել է իշխանափոխությամբ Ուկրաինայում, եթե ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը չկնքվի: Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն հայտարարել է, որ Մայդանում բոլոր իրադարձությունները ղեկավարվել են ԱՄՆ պաշտոնյաների կողմից` հրահանգիչներ են եղել Վրաստանից, Լեհաստանից, Մերձբալթիկայից:

Որպես շահագրգիռ անձ հարցաքննվել է նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---