ԿԲ նախագահ. «Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, ապահովել ենք գների կայունություն»

ԿԲ նախագահ. «Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, ապահովել ենք գների կայունություն»

PanARMENIAN.Net - 2016 թվականին Կենտրոնական բանկն ապահովել է գների և ֆինանսական կայունությունը: Այս մասին ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն՝ ամփոփելով Կենտրոնական բանկի 2016-ի գործուներությունը:

Ջավադյանի խոսքով,գնաճային սպասումների նվազումն արտահայտվել է ֆինանսական շուկայի՝ մասնավորապես երկարաժամկետ տոկոսադրույքների նվազմամբ՝ հիմքեր ստեղծելով ներքին պահանջարկի վերականգնման, ապագա տնտեսական աճի համար:

Ցածր գնաճային միջավայրում Կենտրոնական բանկը տարվա ընթացքում աստիճանական նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ ընդհանուր առմամբ՝ 3.5 տոկոսով:

«Տարին կավարտենք 0-ից ցածր գնաճով, իսկ նպատակային ցուցանիշին կմոտենանք աստիճանաբար՝ տնտեսությունում անկայունություններ չառաջացնելու զգուշավորությամբ», - ասել է Ջավադյանը:

Նա նշել է, որ բացի այն, որ գների կայունությունն անհրաժեշտ է որպեսզի տնտեսական ակտիվության համար մակրոտնտեսական բարենպաստ միջավայր ձևավորի, այն նաև աջակցել է այս պահին մեր հասարակության և բիզնեսի շատ կարևոր առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ այն է.

1. Տրանսֆերտների նվազման պարագայում նպաստել է սպառողների կենսամակարդակի պահպանմանը՝ աշխատավարձերի և այլ եկամուտների գնողունակության պահպանման միջոցով:

2. Նպաստել է ձեռնարկությունների մրցունակության վերականգնմանը, որը խաթարվել էր Ռուսաստանի Դաշնության ռուբլու արժեզրկման հետևանքով:

3. Նպաստել է արտահանելի հատվածի դրական զարգացումների ապահովմանը:

Ջավադյանի խոսքով, բանկերը կարողացան սահուն կերպով բավարարել կապիտալի նոր սահմանաչափի պահանջը: Այս որոշումը նպատակաուղղված է երկարաժամկետ հատվածում բանկային համակարգի ֆինանսական կայունության ամրապնդմանը, բանկերի մրցունակության և տնտեսությունում բանկային ոլորտի դերի բարձրացմանը:

Տարին նշանավորվել է նաև բանկային համակարգում կոնսոլիդացիոն գործընթացներով: Տեղի ունեցավ բանկերի միավորման 4 գործարք, որի արդյունքում. ընդլայնվել են բանկերի կողմից մեծամասշտաբ բիզնես նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները, տեղծվել են ֆինանսական ծառայությունների հասանելիության և մատչելիության բարելավման նոր հիմքեր, ավելացել է բանկերի սեփական միջոցների հաշվին ֆինանսական ռիսկերը կլանելու ունակությունը, գործել է սիներգիայի էֆեկտը, այն է՝ համատեղվել են միավորված բանկերի մրցակցային առավելություններն ու ուժեղ կողմերը՝ նպաստելով արդյունավետության բարձրացմանը:

Ջավադյանը տեղեկացրել է, որ 2016-ին բանկային համակարգն ապահովել է վարկերի 15%, ավանդների 20% և կապիտալի 25% աճ: Բավականին ակտիվ գործել է նաև ապահովագրական համակարգը, որը տարվա ընթացքում ապահովել է ակտիվների 13% և կապիտալի 20% աճ: Ֆինանսական համակարգի մյուս մասնակիցները ևս ապահովել են հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ: «Այսօր ֆինանսական համակարգն ունի ավելի քան բավարար իրացվելի միջոցներ և անհրաժեշտ կապիտալ, որպեսզի ֆինանսավորի տնտեսության ամենատարբեր հեռանկարային նախագծեր՝ միաժամանակ չվտանգելով ֆինանսական կայունությունը», - նշել է ԿԲ նախագահը:

Նա հավելել է, որ այսօր Կենտրոնական բանկն իր քաղաքականությամբ նպաստում է երկարաժամկետ դրամային ռեսուրսների ձևավորմանը, ինչն իր արտացոլումը կունենա վարկավորման պայմանների վրա: Բացի այդ տնտեսության առանձին ոլորտներում երկարաժամկետ և շուկայականից մատչելի պայմաններով վարկավորմանը աջակցելու նպատակով բանկը մշտապես համագործակցում է Կառավարության, միջազգային կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ: Հիփոթեքային, վերականգվող էներգիայի և տնտեսության կարևոր ճյուղերում փոքր և միջին ձեռնարկությունների գծով իրականացվող մատչելի վարկավորման ծրագրերի հաջող ընթացքը հիմքեր ստեղծեցին նրանց շարունակականության և նոր ծրագրեր սկսելու համար:

2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկը կնքել էերեք նոր պայմանագրեր Եվրոպական ներդրումային բանկի և KFW բանկի հետ, որոնցից երկուսը` փոքր և միջին ձեռնարկությունների, իսկ մեկը` բնակարանային ֆինանսավորման նպատակով:

«Այս տարի շարունակվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորվող մատչելի վարկային ծրագիրը: Ակտիվորեն գործել է նաև սոցիալական տարբեր խմբերին պետական սուբսիդավորմամբ վարկավորման գործընթացը: Միայն 2016 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի դուստր ընկերությունների միջոցով վերաֆինանսավորվել է ավելի քան երկու հազար հիփոթեքային վարկեր մոտ 20 մլրդ դրամ ծավալով, ինչպես նաև՝ մոտ երեք ու կես հազար ուսանողական և հազար երկու հարյուր սպառողական վարկեր զինծառայողներին: Շուկայականից մատչելի պայմաններով արդեն երկարատև դարձած այս ծրագրերը կշարունակվեն նաև հաջորդ տարիներին», - ասել է Ջավադյանը:

Նրա խոսքով, ֆինանսական կրթությունը Կենտրոնական բանկի առաջնահերթություններից է: 2016 թվականի ընթացքում շարունակվել են ֆինանսական կրթության ոլորտում տարվող աշխատանքները, մասնավորապես` Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության հանձնաժողովի կողմից մշակվել և Կրթության ազգային ինստիտուտի կողմից հաստատվել են ընտրված այն 4 առարկաները, որոնցում ներդրվելու է ֆինանսական կրթության բաղադրիչը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---