ԱԺ ընտրությունները՝ ապրիլի 2-ին

ԱԺ ընտրությունները՝ ապրիլի 2-ին

PanARMENIAN.Net - Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է. ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2017 թվականի ապրիլի 2-ին:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն կմասնակցի սեփական ցուցակով և դաշինքներ չի կազմի, դեկտեմբերի 15-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը կգլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները դեկտեմբերի 12-ին ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ 3 քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններում հանդես են գալու միասնաբար, այսինքն` դաշինքով:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ԱԺ ճեպազրույցների ընթացքում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: Նա նախ հիշեցրել է, որ դեռևս սեպտեմբեր ամսին ինքը հայտարարել է, որ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել: «Այո, Գագիկ Ծառուկյանն է գլխավորելու ընդհանուր այն սխեման, որով մենք առաջ ենք շարժվելու»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Ծառուկյանը, թե` ոչ, այդ մասին կհայտարարի հենց ինքը՝ Ծառուկյանը:

«Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քաղաքական քննարկումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին հնարավոր գործակցության շուրջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---