Էրդողանն արգելել է օգտագործել «այսպես կոչված» արտահայտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հուլիսի 3-ին գաղտնի հրամանագիր է ստորագրել (թիվ 2007-18), որն արգելում է օգտագործել «sozde» («ենթադրյալ», «այսպես կոչված»` թուրք.) արտահայտությունը Հայոց ցեղասպանության մասին նյութերում: Այդ գաղտնի հրահանգի մասին նորությունը հրապարակվեց հուլիսի 19-ին թուրքական TV Ulusar Kanal-ում, զետեղվեց նրա վեբ-կայքում, ինչպես նաեւ լրատվական մյուս գործակալությունների կողմից:



Հայոց ցեղասպանությունն ուրացող թուրքերի արձագանքը կոշտ էր` վարչապետին մեղադրեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի 106-րդ բանաձեւի ընդունման դեմ ուղղված իրենց ջանքերը տապալելու մեջ: Թուրք պաշտոնյաներն ու լրագրողներն երբեք չեն հրաժարվում անվանել Հայոց ցեղասպանությունն «այսպես կոչված» կամ «ենթադրյալ», կասկածի տակ առնելով հայերի զանգվածային սպանությունները թուրքական կառավարության կողմից 1915-1923 թթ.-ին: Ըստ Էրդողանի հրահանգի, այսուհետ Հայոց ցեղասպանությունը պաշտոնական փաստաթղթերում եւ հանրությանը պետք է ներկայացվի որպես «1915 թվականի իրադարձություններ» կամ «հայկական պնդումներ 1915թ. իրադարձությունների վերաբերյալ»:



Վարչապետի գրասենյակը տարածել է այդ հրահանգը բոլոր պետական հաստատություններում, ներառյալ նախարարությունները, նահանգապետների, քաղաքապետների գրասենյակները, դատարաններն ու Գլխավոր շտաբը: Ինչպես ասում են, Էրդողանը հրամանագրում հայտարարել է, թե խոսքը գնում է որոշ թուրքական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից 2005 թվականին հնչած խորհուրդների մասին` առ այն, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել «մաքրելու համար թուրքական դասագրքերը այլատյացությունից եւ ծայրահեղ ազգայնամոլությունից»: Այդ առաջարկը դարձավ եվրոպական հանձնաժողովի կողմից եռամյա հետազոտությունների արդյունքը: Ulusal Kanal-ը նշում է, որ Եվրոպայի Խորհուրդը դիմել է Թուրքիային, խնդրելով զերծ մնալ թուրքական դասագրքերում հայերին եւ հույներին նվաստացնող որոշ բառերից եւ արտահայտություններից: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել The California Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---