«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում կարող է մահացած կերպարներից մեկը հայտնվել

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում կարող է մահացած կերպարներից մեկը հայտնվել

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում էկրաններին նորից կհայտնվի լորդ Ուոլդեր Ֆրեյը, որը պատասխանատու է սերիալի գլխավոր հերոսներից մի քանիսի մահվան համար, ասվում է երկրպագուների կայքում:

Այդ կերպարը զոհվել է 6-րդ եթերաշրջանի վերջում` Արյա Սթարքի (Մեյսի Ուիլյամս) ձեռքից: Սակայն, ըստ Watchers on the Wall պորտալի, բրիտանացի Դևիդ Բրեդլին, որը կատարել է Ֆրեյի դերը, հայտագրված է նոր եթերաշրջանի դերասանների ցանկում: Unitedagents.co.uk կայքում զետեղված պաշտոնական ռեզյումեում նույնպես հիշատակվում է, որ նա նկարահանվել է սերիալի շարունակության մեջ, գրում է Lenta.ru-ն:

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը կցուցադրվի 2017-ի ամռանը և բաղկացած կլինի 7 սերիայից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Դևիդ Բրեդլին հայտնի է նաև Արգուս Ֆիլչի դերակատարմամբ Հարի Փոթերի մասին ֆիլմերում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---