Վրաստանի կառավարությանը քննադատում են «Գազպրոմի» հետ համաձայնության համար

Վրաստանի կառավարությանը քննադատում են «Գազպրոմի» հետ համաձայնության համար

PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ բանակցությունները դեպի Հայաստան առաքվող գազի տարանցման պայմանների վերաբերյալ թեժ վեճերի առիթ են հանդիսացել Վրաստանում: Երկրի իշխանություններից պահանջում են հրապարակել կնքված համաձայնագրի մանրամասները, որով նախատեսվում է անցում կատարել գումարով վճարմանը ՀՀ տարանցվող գազի համար:

Մինչ 2017-ը ռուսական ընկերությունը դեպի ՀՀ գազի տարանցման համար Վրաստանին վճարում էր ոչ թե գումարով, այլ հումքով` տրամադրելով տարանցվող գազի 10 տոկոսը: Ըստ փորձագետների, դա առավել շահավետ էր վրացական կողմի համար, քան վճարման ֆինանսական ձև, թեև գազի մեծ մասը Վրաստանը ստանում է Ադրբեջանից:

Բացի այդ, նոր համաձայնագրի մանրամասները հայտնի չեն, ինչը քննադատության ալիք է բարձրացրել կառավարության դեմ ընդդիմության և ոչ կառավարական հատվածի շրջանում: Այդ քննադատության ֆոնին հունվարի 18-ի երեկոյան երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ստիպված է եղել նոր հայտարարություն անել ԶԼՄ-ների համար, գրում է BBC-ին:

«Այդ համաձայնագրի միջոցով, մենք կպահպանենք էներգետիկ անկախության նույն մակարդակը, երկրի տարանցիկ գործառույթը տարածաշրջանում և կայուն զարգացումը: Փոխվել է միայն վճարման ձևը»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ Կալաձեն ասել էր, պայմանագիրը կնքվելու է 2 տարով և անհրաժեշտության դեպքում, սեզոնային դեֆիցիտի պայմաններում, Վրաստանը կկարողանա գազի լրացուցիչ ծավալներ ստանալ նվազ գնով` 185 դոլարով 215-ի փոխարեն: Մինչ այդ համաձայնագրերը կնքվում էին 1 տարով:

«Պայմանագիրը կարճաժամկետ է` 2-ամյա, սակայն առաջին տարվա ընթացքում հումքով վճարելու եղանակը մասնակիորեն կպահպանվի, իսկ հետո կշարունակվի արդեն ֆինանսական վճարի ձևով, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում»,-ասել էր Կալաձեն հունվարի 11-ին:

Վրաստանի կառավարությունը չի հստակեցնում, թե Թբիլիսին որքան կստանա գազի տարանցման համար` պատճառաբանելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Նշվում է, սակայն, որ Վրաստանը չի պարտավորվել ստացած գումարը ծախսել ռուսական գազի գնման համար:

Մինչ էներգետիկայի նախարարն ասուլիս էր տալիս, կառավարական շենքի մոտ բողոքի ակցիա էր անցնում` #NOTOGAZPROM կարգախոսով: «Մենք դեմ ենք ՌԴ-ից էներգետիկ կախվածության աճին: Վրաստանի կառավարությունը բոլոր լծակներն ունի հօգուտ երկրի գործելու համար, սակայն, չգիտես ինչու, զիջումների է գնում ՌԴ-ին»,-ասել է ակցիայի կազմակերպիչ Թամար Չերգոլեիշվիլին:

Համաձայնագիրը քննադատում են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները: Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ասել է, որ նման պայմանավորվածության ձևակերպումը վատթարացնում է վիճակն էներգետիկ ոլորտում և ի վնաս է Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---