ԱՄՆ-ն 3 մլն դոլարի զինվորական հանդերձանք եւ սարքավորումներ է տրամադրել ՀՀ ՊՆ խաղաղապահ գումարտակին

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին եւ 31-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը փոխանցվեցին ՀՀ ՊՆ 12-րդ խաղաղապահ գումարտակի համար նախատեսված` ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող զինվորական հանդերձանքը եւ սարքավորումները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3 մլն դոլար: Ամերիկյան զինվորական հանդերձանքը տրամադրվել է ԱՄՆ Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում` 8 մլն. դոլարի օժանդակություն նախատեսող պլանի համաձայն, որն ուղղված է մինչեւ 2009թ. ՆԱՏՕ-ի կառույցների հետ փոխգործակցելի խաղաղապահ գումարտակ ստեղծելու ՀՀ կառավարության կողմից նախանշված նպատակի իրականացմանը: Մոտակա ապագայում մնացած լրացուցիչ բեռներն ստանալուց հետո, գումարտակը մինչեւ տարեվերջ ամբողջությամբ ապահովված կլինի ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող հանդերձանքով եւ սարքավորումներով: Ներկայումս ՀՀ կառավարությունը կայունության հաստատման եւ խաղաղապահ գործողություններին մասնակցելու նպատակով զորախմբեր է ուղղում Կոսովո եւ Իրաք:



ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության բաժնի պետ, փոխգնդապետ Դագ Պիտերսոնը հայտնեց, որ այս անգամ ժամանած ամերիկյան զինվորական հանդերձանքի խմբաքանակն ամենախոշորն է ՀՀ խաղաղապահ գումարտակին երբեւէ տրամադրվածներից: «Ստացված բեռն ընդգրկում է անապատային համազգեստներ եւ հագուստ, կիսաճտքավոր կոշիկներ, թիկնապայուսակներ, պաշտպանիչ դիմակներ, դաշտային հանդերձանք, բժշկական միջոցներ, տաք հագուստ եւ տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումներ»,-ասել է Պիտերսոնը:



Պիտերսոնը նաեւ նշեց, որ 2008թ. համար նախատեսված ԱՄՆ ռազմական օգնությունն ուղղված կլինի Հայաստանում խաղաղապահ բրիգադի ստեղծմանը եւ ս.թ. հունվարին ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին տրամադրված դաշտային հոսպիտալի տեխնիկական համալրմանը, հաղորդում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---