Սիրիական ընդդիմությունը չի ստորագրի Աստանայի կոմյունիկեն

Սիրիական ընդդիմությունը չի ստորագրի Աստանայի կոմյունիկեն

PanARMENIAN.Net - Սիրիայի ընդդիմության պատվիրակությունը չի ստորագրի Աստանայում կառավարության և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների հաշտեցման երաշխավոր երկրների ամփոփիչ կոմյունիկեն: Այդ մասին հայտարարել է բանակցություններում ընդդիմության պատվիրակության պաշտոնական ներկայացուցիչ Յահյա ալ Արիդին:

«Ստորագրում չի լինի: Երաշխավոր երկրները` Ռուսաստանը, Թուրքիան, հնարավոր է, նաև Իրանը, ուղղակի կտարածեն փաստաթուղթը»,-ասել է նա:

Ըստ աղբյուրի սիրիական պատվիրակությունում, Սիրիայի կառավարության ներկայացուցիչները ևս մտադիր չեն ստորագրել կոմյունիկեն:

«Դա մի փաստաթուղթ է, որի վրա աշխատում են երաշխավոր երկրները, հետագայում բանակցությունների մասնակիցներին ներկայացնելու նպատակով»,-հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Սիրիայում հրադադարի ռեժիմի ամրագրումն Աստանայում կնպաստեր անցմանը ուղիղ բանակցություններին Ժնևում: Այդ մասին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան` ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաքում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» միավորումը հավանություն չի տա Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին, քանի որ մասնակցության հրավեր չի ստացել: Այդ մասին հայտարարել է միավորման ներկայացուցիչ Թալալ Սելոն:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չէր բացառել Սիրիայում սահմանադրական հանրաքվեի հարցի քննարկման հնարավորությունը սիրիական ճգնաժամի քննարկմանը նվիրված հանդիպմանը, որը կայանալու է Աստանայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---