Կոտակքի մարզում նախատեսվում է 5 ներդրումային ծրագիր իրականացնել

Կոտակքի մարզում նախատեսվում է 5 ներդրումային ծրագիր իրականացնել

PanARMENIAN.Net - Կոտակքի մարզում նախատեսվում է 5 ներդրումային ծրագիր իրականացնել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:

Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Կոտայքի մարզից ստացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 5 ներդրումային ծրագրի առաջարկ: Ներկայացված ծրագրերի շրջանակում նախատեսվում է մարզում հիմնել ժամանակակից հիդրոպոնիկ եղանակով աշխատող ջերմոցային տնտեսություն, կաշվի և կաշվե իրերի գործարան գործարկել, այգիների կարկտապաշտպան համակարգերի համար երկաթբետոնե կուստրուկցիաների և հենասյուների արտադրություն կազմակերպել, հիմնել կաթի վերամշակման արտադրամաս և ստեղծել ուսումնաարտադրական կենտրոն` գետնախնձորից ինուլին և պեկտին ստանալու նպատակով:

Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:

Քննարկումների արդյունքում որոշվել է թվով 4 ծրագիր համապատասխան եզրակացություններով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը` լրամշակել, քանի որ շահառուն ծրագրում լրացուցիչ փոփոխություններ էր նախատեսել:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---