Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Վարդան Օսկանյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ, որոշում է կայացվել Հ. Սիրադարյանին և Ա. Օսկանյանին մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը:

Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նշվում է, որ քննիչի որոշմամբ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ իրեն առևանգելու և ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ տուժողի հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքացի Ն. Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։

Քննչական կոմիտեից հաղորդում են, որ մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, առերես հարցաքննություններ, առգրավվել և զննվել տուժողի կողմից մատնանշված բուքմեյքերական ընկերության՝ դեպքի օրվա տեսագրությունները։

Արդյունքում՝ պարզվել է տուժողի և քրեական գործով կասկածյալների առնչությունը միմյանց հետ, ինչպես նաև՝ պարտքի առաջացման աղբյուրը. ըստ քրեական գործի տվյալների՝ տուժողը խաղադրույքներ է կատարել բուքմեյքերական ընկերության՝ իր խաղային հաշվեհամարին գտնվող Հ. Սիրադարյանի և Ա. Օսկանյանի գումարներով (մոտ 1 մլն 650 հազար դրամ) և պարտվել։

Աղբյուրը հաղորդում է, որ նախաքննությունը շարունակվում է: քննություն է տարվում՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների պարզաբանման ուղղությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---