24 փետրվարի 2017 - 10:51 AMT
Էլ Բաբը սիրիական ընդդիմության և թուրք զինվորականների լիակատար հսկողության տակ է

Թուրքական բանակն ու սիրիական ընդդիմության ջոկատները լիակատար հսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքում՝ դուրս մղելով այնտեղից ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը չի ավարտվի Ալ Բաբի գրավումով` թիրախ կդառնան Մանբիջն ու Ռաքքան:

Այժմ Սիրիայի ազատ բանակի մարտիկներնականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: