Ամալ Քլունին ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել վերջ տալ ԻՊ կողմից իրագործվող ցեղասպանությանը

Ամալ Քլունին ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել վերջ տալ ԻՊ կողմից իրագործվող ցեղասպանությանը

PanARMENIAN.Net - Միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին ՄԱԿ-ի ամբիոնից կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ «Իսլամական պետությանը» (ԻՊ) շարունակել Իրաքում իրագործվող ցեղասպանությունն ու անպատիժ մնալ:

Քլունին դիմել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին՝ կոչ անելով համապատասխան նամակ հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի այնտեղ քվեարկություն անցկացվի ու ԻՊ-ի հանցանքների հետաքննության վերաբերյալ որոշում կայացվի, հաղորդում էReuters-ը:

Քլունին, որը խոսել է ԻՊ-ի բարբարոսություններից տուժածների անունից, հայտարարել է, որ շոկային է ոչ միայն ԻՊ-ի դաժան վարքագիծը, այլև միջազգային հանրության պասիվ արձագանքը, գրում է The Telegraph-ը:

«ԻՊ-ի գործողություններից տուժածների միակ ուզածն արդարությունն է, բայց այդ արդարությունը երբեք էլ չի հաստատվի, եթե մենք թույլ տանք, որ հանցագործությունների ապացույցներն անհետանան: Այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, զանգվածային գերեզմանոցներն անպաշտպան են ու չեն ուսումնասիրվում, ԻՊ-ի բարբարոսությունների ականատեսները փախչում են, խմբավորման առաջնորդներից որևէ մեկն առ այսօր դատարանի առաջ չի կանգնել:

ԻՊ-ին միայն մարտի դաշտում ոչնչացնելը բավական չէ: Մենք պետք է ոչնչացնենք այն գաղափարախոսությունը, որով ԻՊ-ն առաջնորդվում է»,- ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Քլունին՝ կոչ անելով միջազգային հանրությանը համախմբվել հանուն արդարության ու պատասխանատվության ենթարկել ԻՊ-ին:

ՄԱԿ-ը ցեղասպանություն է ճանաչել ԻՊ գործողությունները եզդիների դեմ և կոչ է արել անդամ երկրներին օգնել նրանց: Կանադան առաջին անգամ իր այս մտադրության մասին պաշտոնապես հայտարարել է 2016-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս Կանադա է ժամանել մոտ 400 եզդի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---