Արամ Խաչատրյանին պատկանող մի քանի իր վերադարձվելու են Երևան

Արամ Խաչատրյանին պատկանող մի քանի իր վերադարձվելու են Երևան

PanARMENIAN.Net - Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին պատկանող մի քանի իր վերադարձվելու են Երևան՝ կոմպոզիտորի տուն-թանգարան: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից հայտնում են, որ այդ իրերը Հայաստան են բերվելու Լատվիայից:

Աղբյուրը հաղորդում է, որ Թբիլիսիում ծնված ու հասակ առած Նինա Մերեշնիկովան աշխատում էր Երևանի ակնաբուժական կլինիկաներից մեկում։ Թիֆլիսի Արղության վարժարանում նա սովորել էր Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանի արվեստի մեծ երկրպագուն էր և ընտանիքի բարեկամը, իսկ տուն-թանգարանի ստեղծումից հետո` նաև տուն-թանգարանի բարեկամը: Արամ Խաչատրյանը նրան նվիրել էր իր կահույքի մի քանի կտոր, որոնցից երկուսը Մերեշնիկովան նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին:

Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ խոշոր մի կոլեկցիոների մոտ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս է եղել Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են:

ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն- թանգարան են վերադառնում:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը գտնվում է Երևանում: Կյանքի օրոք կոմպոզիտորը հասցրել է միայն ծանոթանալ ապագա թանգարանի էսքիզներին և խորհուրդներ տալ հայտնի ճարտարապետ Էդուարդ Ալթունյանին, որին կառավարության կողմից հանձնարարված էր տուն-թանգարանի նախագիծը:Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել կոմպոզիտորի մահից որոշ ժամանակ անց՝ 1982թ.-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---