ՌԴ-ում կասեցվել է «Եհովայի վկաների» գործունեությունը

ՌԴ-ում կասեցվել է «Եհովայի վկաների» գործունեությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արդարադատության նախարարությունը կասեցրել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպությունը վերջինիս կողմից ծայրահեղական գործունեության պատճառով:

Այսպիսով այժմ «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կազմակերպությունը գտնվում է հանրային և կրոնական միավորումների ցուցակում, որոնց գործունեությունը կասեցվել է «ծայրահեղական գործողությունների պատճառով»,-գրում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 5-ին ՌԴ Գերագույն դատարանը կքննարկի ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Եհովայի վկաներին» ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու, այն լուծարելու և գործունեությունը երկրի տարածքում արգելելու մասին: Հայցում նախարարությունը մատնանշել է արտահերթ ստուգման արդյունքում իրականացված տարբեր խախտումները, այդ թվում «Ծայրահեղական գործունեությանը հակազդելու» մասին օրենքի մասով:

Արգելքը կվերաբերի ՌԴ-ում գրանցված մոտ 400 տեղական կազմակերպություններին և համայնքին, որը ավելի քան 175.000 անդամ ունի:

Նախկինում ՌԴ-ում մի քանի անգամ դատավարություն է անցկացվել «Եհովայի վկաների» համայնքների դեմ, որը գործում է երկրում 1991-ից: Որպես կանոն, նրանց մեղադրում են ծայրահեղական գործունեության համար: Մասնավորապես, 2014-ի դեկտեմբերին ՌԴ Գերագույն դատարանը ծայրահեղական համարեց կազմակերպության կայքը, և կայքում տեղադրված կրոնական բնույթի գրքերը: 2004-ին Մոսկվայի դատարանը որոշեց արգելել և լուծարել համայնքը, սակայն 2010-ին ՄԻԵԴ-ը ապօրինի համարեց այդ որոշումը և պարտավորեցրեց ՌԴ իշխանություններին հատուցում վճարել համայնքին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---