Փոխնախարար. «Հյուսիս-հարավի» Երևան-Արտաշատ հատվածի երթևեկությունը կվերականգնվի մայիս-հունիսին

Փոխնախարար.  «Հյուսիս-հարավի» Երևան-Արտաշատ հատվածի երթևեկությունը կվերականգնվի մայիս-հունիսին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն այցելել է «Հյուսիս-հարավ» ճանապարհի տարբեր հատվածներում իրականացվող շինարարական տեղամասեր, որտեղ շարունակվում են 10-ը ուղեանցերի կառուցման և բարեկարգման աշխատանքները։

ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարել է հսկողություն սահմանել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում ընթացող հարակից ենթակառուցվածքների շինարարությանը՝ այն արագացնելու և որակյալ ավարտելու համար։

Նախարարի առաջին տեղակալը վստահեցրել է, որ շինարարությունն ընթանում է բնականոն հունով: Նա պարզաբանել է, որ ըստ քաղաքաշինական նորմերի մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ այս ենթակառուցվածքների շինարարության տևողությունը սահմանված է եղելմոտ 2 տարի։Ուղեանցերի և կամուրջների շինարարությունը մեկնարկել է 2016թ. սեպտեմբերին: Եվ, ըստ նախարարության հսկողական ցուցանիշների, եթե չլինեն անհաղթահարելի խոչընդոտներ, 2017-ի մայիս-հունիս ամիսներին «Հյուսիս-հարավի»Երևան-Արտաշատ ճանապարհի երկկողմանի երթևեկությունը կվերականգնվի:

«Բաց երթևեկության պայմաններում կշարունակվեն կամուրջների, ուղեանցերի ասֆալտապատման և բարեկարգման բոլոր մնացած աշխատանքները: Նախատեսվում է աշխատանքներն ամբողջովին ավարտել ծրագրով նախատեսված ժամկետից ավելի շուտ, սակայն վստահեցնում եմ, որ դա որևէ կերպ չի անդրադառնա որակի վրա»,- նշել է Առաքելյանը:

Առաքելյանը պարզաբանել է ծրագրի առանձնահատկությունները, որով պայմանավորված՝ ուղեանցերի և կամուրջների շինարարությունը մեկնարկել է ճանապարհը շահագործման հանձնելուց հետո:

«Հանրության կողմից շատ են քննադատությունները, որ ճանապարհը շահագործման հանձնվեց և դրանից հետո նորից փակվեց, և մենք ստիպված եղանք կրկին անհարմարություններ պատճառել մեր քաղաքացիներին։ Բայց կան դրա օբյեկտիվ պատճառներ: Խնդիրն այն է, որ ի սկզբանե, երբ սկսվում էր ծրագիրը, միջոցների սղության պատճառով նախատեսված էր կառուցել միայն ճանապարհային հատվածը: Հետագայում մրցույթների և հետագա պայմանագրի կառավարման արդյունքում Տրանշ 1-ով նախատեսված գումարներից առաջացավ որոշակի տնտեսում, որը հնարավորություն տվեց համապատասխան վերաբաշխումներով և ՀՀ կառավարության թույլտվությամբ, նաև հաշվի առնելով հիմնականում ճանապարհի երկայնքով գտնվող բնակավայրերի բնակիչների ցանկությունը, ի լրումն հիմնական ծրագրի նախագծել և կառուցել նաև 10 ուղեանց և կամուրջ»,- մանրամասնել է Առաքելյանը:

Իրականացվող շինարարության նախագծային տեխնոլոգիան պահանջում է, որ կամուրջների որոշակի հատվածներ պատրաստվեն այլ գործարաններում։ Դրանից հետո միայն դրանք տեղափոխվում են և տեղադրվում: Այդ իսկ պատճառով որոշ ժամանակահատվածներում շինհրապարակում մեծ աշխատուժ կամ տեխնիկա չի լինում։

«Աշխատանքներն ընթանում են` հաշվի առնելով տեխնոլոգիական պրոցեսները և եղանակային պայմանները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը:

Այցի ընթացքում անդրադարջ է եղել նաև սոցիալական ցանցերում զետեղված լուսանկարին, որն առնչվում էր վերակառուցվող վերգետնյա ուղեանցերից մեկի ճկված հեծանին։ Նշվել է, որ կամրջային շինությունների վրա տեղադրվող հեծանները պատրաստվել են գործարանային պայմաններում, աշխատանքների իրականացման ընթացքում առաջացել է տեխնիկական խնդիր։ Դեպքն անմիջապես արձանագրվել է, վնասված հեծանը ճանաչվել է հետագա օգտագործման համար ոչ պիտանի, անմիջապես հեռացվել է շինհրապարակից և հաջորդ օրը փոխարինվել է նորով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---