ՀՀ նախագահ. Նոր իրավական փաստաթուղթը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ հարաբերություններում

ՀՀ նախագահ. Նոր իրավական փաստաթուղթը նոր էջ կբացի ՀՀ-ԵՄ հարաբերություններում

PanARMENIAN.Net - 2017-ը շատ ակտիվ է սկսվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Մալթայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԺԿ համագումարի լիագումար նիստում: Նա ասել է, որ փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին ազդարարվեց երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը: Նախագահը հավելել է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ արդեն Երևանում, կողմերը նախաստորագրեցին այն:

Սերժ Սարգսյանը Մալթայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Համագումարը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, համագումարը հյուրընկալած երկրի` Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ Սիմոն Բուզուտիլը:

Նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի լիագումար առաջին նիստում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, երկկողմ գործընկերության ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններին ու հեռանկարին, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին կարևորագույն հանգրվան հանդիսացող` օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եվրոպական մեծ ընտանիքի առաքելությանն ու խնդիրներին:

Սարգսյանը նշել է, որ նախատեսվում է Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարևոր փաստաթուղթը։ «Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման և խորացման համար»,-ասել է նախագահը:

Նա ասել է, որ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետևողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահն անդրադարձել է նաև Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Սա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին: Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Ընտրությունները դիտարկելու համար Հայաստանը հրավիրել է միջազգային բոլոր համապատասխան կառույցներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներին»,-ասել է նախագահը:

Սարգսյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ եվրոպական համայնքները հանդիսավորությամբ նշեցին Հռոմի պայմանագրի 60-ամյակը, որն անհրաժեշտ պայմաններ ստեղծեց Եվրոպայի քաղաքացիների ներկա բարեկեցության և կայուն զարգացման համար: Նա նշել է, որ Եվրամիության պատմությունն առաջին հերթին խնդիրները միասնաբար լուծելու, տարաձայնությունները հաղթահարելու և, վերջապես, միասնաբար հաջողություն կերտելու օրինակ է: «Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ առիթով իրավամբ նշել է. «Եվրոպական միության հիմնադիր հայրերը Եվրոպան չէին տեսնում որպես սոսկ արձանագրությունների և ընթացակարգերի մի ժողովածու: Նրանք այն տեսնում էին՝ որպես կենսակերպ, որպես մարդուն հասկանալու մի ձև՝ հիմնված նրա մշտագո և անօտարելի արժանապատվության վրա»,-ասել է նա:

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները:

Համագումարի երկու օրերին պատվիրակների ուշադրության կենտրոնում են լինելու համաեվրոպական նշանակության հարցերը, օրակարգում մեծ տեղ է վերապահված «Եվրոպայի ապագան» առանցքային թեմայով քաղաքական քննարկումներին: Անդրադարձ կլինի նաև Եվրոպական հարևանության խնդիրներին, Արևելյան գործընկերության ոլորտում առկա զարգացումներին, միջազգային արդի մարտահրավերներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---