Քաղաքագետ. ՀՀ նախագահը լրջորեն կվերափոխի Ազգային անվտանգության խորհուրդը

Քաղաքագետ. ՀՀ նախագահը լրջորեն կվերափոխի Ազգային անվտանգության խորհուրդը

PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է Ազգային անվտանգության խորհրդի լուրջ տրանսֆորմացիայի առջև: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը անվտանգության և արտաքին քաղաքականության թեմայով քննարկման ժամանակ:

«Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարմանն անցման փուլում լրջորեն կկերպարանափոխի Ազգային անվտանգության խորհուրդը», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով` նորմալ պետություններում ԱԱԽ-ն ունի քարտուղարություն, որտեղ մասնագետներ են, փակ է գործունեությունը, կա տեղակալների կոմիտե, որոնք «ընդհանուր ռազմավարական քննարկումներն իջեցնում են ավելի գործնական մակարդակի» և բացի այդ, գործում են միջգերատեսչական մասնագիտական խմբեր՝ մշտական և ժամանակավոր։

«Սերժ Սարգսյանը սա շատ լավ պատկերացնում է, ես ուզում եմ, որ դուք դրանում համոզված լինեք։ Մենք կանգնած ենք այդ մարմնի լուրջ տրանսֆորմացիայի առջև, և ինքը կղեկավարի դա», - ասել է Քոթանջյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ նկատի ունի ղեկավարել ասելով՝ Քոթանջյանն ասել է. «Ղեկավարել, խոսքը չի գնում պաշտոն ունենալու մասին, ղեկավարել որպես նպատակները ճշգրտող, գերակայությունները կոռեկցիայի ենթարկող, քաղաքականության ուղղությունները վերագնահատելով»։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»։ Նա հավելել է, որ չգիտի, թե դա ինչ կարգավիճակ կլինի, «բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինի»: Այդ մասին նա ասել է Արցախ կատարած աշխատանքային այցի ժամանակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---