ՍԱՊԾ. Լոլիկի մոնիտորինգ է իրականացվում, անհանգստանալ պետք չէ

ՍԱՊԾ. Լոլիկի մոնիտորինգ է իրականացվում, անհանգստանալ պետք չէ

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արդեն հայտարարել էր, որ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան 2017-ի ընթացքում լոլիկ չի ներկրվել: Այդուհանդերձ, ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանով է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը:

Միայն վերջին եռամսյակում թարմ պտուղ-բանջարեղենի մեջ նիտրատների մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայում առկա լոլիկի 136 նմուշ՝ վերցված իրացման կետերից. արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել, 2 դեպքում ցուցանիշները թույլատրելի շեմին մոտ են եղել (նիտրատների առավելագույն թույլատրելի քանակությունը փակ գրունտում մշակված լոլիկի համար կազմում է 300 մգ/կգ):

Ծառայությունը վստահեցնում է, որ անհանգստանալու որևէ պատճառ չկա: Մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը:

Մամուլում հրապարակված՝ թուրք արտադրողի ենթադրյալ հայտարարության իսկությունը ստուգելու և լոլիկի անվտանգության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՍԱՊԾ-ն ներկայումս իրականացնում է իրացման կետերից վերցված լոլիկի 20 նմուշի լաբորատոր փորձաքննություն: Տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին զուգահեռ, ստուգվում են նաև մոտ 10 այն պեստիցիդների ազդող նյութերի մնացորդային քանակները, որոնց օգտագործումն առավել տարածված է Թուրքիայում լոլիկի մշակության ժամանակ: Փորձաքննությունների արդյունքները Ծառայությունը կհրապարակի լրացուցիչ: ՍԱՊԾ-ն, լոլիկից բացի, պարբերաբար կտեղեկացնի շուկայում իրացվող այլ պտուղ-բանջարեղենի ուսումնասիրությունների արդյունքներ մասին:

Անկախ այս ուսումնասիրություններից, Թուրքիան համարելով ռիսկային երկիր, ՍԱՊԾ-ն այնտեղից ներմուծվող թարմ և թարմ սառեցված մրգերը և բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, պարտադիր ենթարկում է նաև թունավոր տարրերի, նիտրատների և պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության շրջանակներում:

ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է հանրապետության տարածք բերել մինչև 50 կգ պտուղ-բանջարեղեն, և չի բացառվում, որ շուկայում իրացվի նաև այդ նպատակով ներկրված որոշակի քանակության լոլիկ, որի ծագումը շուկայում պարզելը ոչ միշտ է հնարավոր: ՍԱՊԾ-ն ներկայումս նախաձեռնել է փոփոխություններ իրավական ակտերում՝ այս չափաքանակները նվազեցնելու և առավելագույնս հսկողություն ապահովելու նպատակով:

Թուրքական բուսական ծագման մթերքներում հնարավոր վտանգների բացահայտման և ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով հետազոտությունն է իրականացվել: Հետազոտությունը կատարել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ արձագանքելով թուրքական թունավոր լոլիկների Հայաստան արտահանելու վերաբերյալ լուրերին:

Կենտրոնը կապ է հաստատել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ և պարզել է, որ 2017-ին թուրքական բուսական ծագման մթերքներում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---