Հայ ջրացատկորդները համաշխարհային մակարդակի արդյունքներ են ցույց տվել

Հայ ջրացատկորդները  համաշխարհային մակարդակի արդյունքներ են ցույց տվել

PanARMENIAN.Net - Ջրացատկի Հայաստանի առաջնությունում համաշխարհային մակարդակի արդյունքներ են եղել: Այս մասին հայտարարել էջրացատկի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը հանրապետության առաջնության ավարտից հետո:

«Հայաստանի առաջնությունը ցույց տվեց, որ ոստնակացատկում այնքան էլ փառահեղ վիճակում չենք, բայց աշտարակացատկում զարմանալիորեն լավ մրցակցություն եղավ, ինչն ինձ շատ ուրախացրեց

Մրցանակային երեք տեղն զբաղեցրած Վարդան Բայանդուրյանը, Վլադիմիր Հարությունյանը և Լև Սարգսյանը հատեցին 400 միավորի սահմանը, ինչը լուրջ թիվ է: Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ մենք կարող էինք նվաճել 380 միավորով, ինչը տղաներից ոչ մեկին չհաջողվեց: Իսկ Հայաստանի առաջնությունում 400 միավորը բարձրակարգ մարզիկների արդյունք է, ինչը մեր աշտարակացատկորդներին աշխարհի առաջնությունում կարող է թույլ տալ տեղ զբաղեցնել 18 լավագույնների մեջ: Եվ սա այն դեպքում, երբ մեր աշտարակացատկորդներն այս տարի տարբեր պատճառներով գրեթե չեն մարզվել», - ասել է մարզիչը:

Նա հավելել է. «Եվրոպայի առաջնությանըմասնակցելու ենք երեք մարզիկով, որի համար նախապատրաստական փուլի ավարտին ես պետք է ընտրություն կատարեմ չորս աշտարակացատկորդների՝ Վարդան Բայանդուրյանի, Վլադիմիր և Ազատ Հարությունյանների և Լև Սարգսյանի միջև», - ասել է Չանդիրյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Հայաստանի առաջնության ավարտից հետո Չանդիրյանը, Վլադիմիր և Ազատ Հակոբյան եղբայրների հետ մեկնել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի բաց առաջնությանը:Նրանք մասնակցելու են անհատական և սինքրոն 10 մետր աշտարակացատկերին, որից հետո վերադառնալու են Երևան և սկսելու են նախապատրաստվել հունիսի կեսերին նույնպես Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ապրիլի 23-ին Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում ավարտվեց ջրացատկի Հայաստանի առաջնությունը: Մեծահասակների 10 մետր աշտարակացատկում չեմպիոն դարձավ Վարդան Բայանդուրյանը: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին Վլադիմիր Հարությունյանն ու Լև Սարգսյանը:

Պատանիների աշտարակացատկում մրցանակակիրների եռյակը կազմեցին Մարատ Գրիգորյանը, Արման Ենոքյանը եւ Դավիթ Մովսիսյանը, իսկ աղջիկների մեջ՝ Քրիստինե Հակոբյանը, Ալիսա Զաքարյանը եւ Աֆինա Գեւորգյանը: Սկսնակների 1 մետր ոստնակացատկում հաղթեցին Անի Խուրշուդյանն ու Մհեր Չիչոյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---