ԶԼՄ-ներ. Ագրամունտը համաձայն է հրաժարվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

ԶԼՄ-ներ. Ագրամունտը համաձայն  է հրաժարվել ԵԽԽՎ նախագահի պաշտոնից

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը կհայտարարի իր հրաժարականի մասին վեհաժողովում Իսպանիայի նախագահի ելույթից հետո:

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI ապրիլի 27-ին պետք է ելույթ ունենա ԵԽԽՎ ընդլայնված նիստում և Ագրամունտի համար չափազանց կարևոր է պահպանել պաշտոնը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ չհեղինակազրկվելով թագավորի առջև:

Ագրամունտը հրաժարականի մասին դիմումը կներկայացնի մայիսի 29-ին: Այս մասին հաղորդում է Eurointegration.com-ն իր աղբյուրների վրա հղումով:

Նստաշրջանի փակումից հետո Ագրամունտը կներկայանա Բյուրոյի նիստին՝ հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարելու համար: Սակայն այդ մասին չի հայտարարվի ևս մեկ ամիս: Գրավոր հայտարարությունն այն մասին, որ Ագրամունտը վայր է դնում լիազորությունները, նա կներկայացնի ԵԽԽՎ նախագահական կոմիտեի և Բյուրոյի հանդիպմանը մայիսի 29-ին Պրահայում: Իսկ արդեն Բյուրոյի հաջորդ նիստում, հունիսի վերջում, հնարավոր կլինի նոր նախագահ ընտրել:

Քաղաքական խմբավորումների ղեկավարները խոստացել են կատարել նրա պայմանը, եթե նա կամավոր հրաժարվի պաշտոնից:

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:

Մարտին ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակությունը Պեդրո Ագրամունտի ղեկավարությամբ, ինչպես նաև ՌԴ խորհրդարանականները Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլևի գլխավորությամբ, այցելել էին Սիրիա, որտեղ հանդիպել էին այդ թվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: ԵԽԽՎ անդամներից շատերը մտահոգություն էին հայտնել այդ ուղևորության կապակցությամբ: Բացելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ Ագրամունտը ներողություն է խնդրել իր արարքի համար, այն համարելով սխալ և պարզաբանել էր, որ Ասադի հետ հանդիպել չի նշանակում սատարել նրա ռեժիմին:Ուկրաինայի պատվիրակությունը պահանջել էր նրա հրաժարականը:

Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:

2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---