ՍԱՊԾ. Երևանյան սուպերմարկետներում ևս ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել

ՍԱՊԾ. Երևանյան սուպերմարկետներում ևս ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Երևանի «Նոր Զովք» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերում և մի շարք այլ խանութներում, Հակոբ Հակոբյան փողոցի Մերգելյանի շուկայի տարածքում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի պատկանող միրգ-բանջարեղենի բազմաթիվ իրացման կետերում ադրբեջանական ծագման խնձորի խմբաքանակներ են հայտնաբերվել:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ հավելելով, որ հայտնաբերված խմբաքանակներն ամբողջությամբ ոչնչացվել են:

Նշվում է, որ ապրիլի 26-ին շարունակվել է դեռ ապրիլի 23-ին սկսված շրջայցերը մայրաքաղաքի և մարզերի իրացման կետեր՝ ադրբեջանական ծագման խնձորը հայտնաբերելու և ոչնչացնելու նպատակով:

Ադրբեջանական ծագման խնձոր է հայտնաբերվել և ոչնչացվել նաև հանրապետության մի քանի մարզերում, մասնավորապես Կոտայքի (3), Շիրակի (4), Տավուշի (3), Արմավիրի (2) և Գեղարքունիքի (1) մարզերի՝ ընդհանուր թվով 13 իրացման կետերում:

Ադրբեջանական խնձորի հայտնաբերման աշխատանքներին մեծապես նպաստել են սպառողների կողմից ՍԱՊԾ «Թեժ գծին» ուղղված զանգերը: Ծառայության կողմից հրապարակված հաղորդագրությունից հետո ստացվել է մոտ երկու տասնյակ ահազանգ Երևանից և մարզերից: Ծառայության օպերատիվ խումբն արձագանքել է բոլոր ահազանգերին, այցելել նշված հասցեներով և, հավաստիանալով, որ իրացվում է ադրբեջանական ծագման խնձոր, տեղում արգելել է վաճառքը և ոչնչացրել առկա ամբողջ խմբաքանակը: ՍԱՊԾ-ն ողջունում է սպառողների ակտիվ արձագանքը և կարևորում վերջիններիս հետևողականությունը դեպքերը բացահայտելու հարցում:

Ծառայությունը շարունակելու է շրջայցերն ու վերահսկողական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացվել ադրբեջանական ծագման խնձորի ողջ խմբաքանակը: Այս գործընթացը պահանջում է պարբերական և հետևողական աշխատանք՝ բացառելու համար անբարեխիղճ տնտեսավարողների կողմից խմբաքանակները թաքցնելու փորձերը:

«Կոչ ենք անում սպառողներին շարունակել հետևողական լինել և անմիջապես զանգահարել ՍԱՊԾ թեժ գծին՝ 010 206040 շուրջօրյա հեռախոսահամարով»,- նշված է ՍԱՊԾ հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ Պետեկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ դեռևս տեղեկություն չունի ՀՀ-ում հայտնված ադրբեջանական խնձորի մաքսանենգ ճանապարհով երկրում հայտնվելու վերաբերյալ: Ընթանում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---