Հոկտեմբերից բնակչության առանձին խմբերի համար բուժապահովագրություն կներդրվի

Հոկտեմբերից բնակչության առանձին խմբերի համար բուժապահովագրություն կներդրվի

PanARMENIAN.Net - 2017-ի հոկտեմբերից Հայաստանում բնակչության առանձին խմբերի համար կներդրվի բնակիչների բժշկական ապահովագրություն, իսկ մինչև մայիսի 25-ը պատրաստ կլինի բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել է Լևոն Ալթունյանը` կարևորելով անկախ մարմնի` բժշկական հաշտարարի արդար և թափանցիկ գործունեությունը։

Առողջապահության նախարարությունում աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել է բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման ուղղությամբ նախատեսվող առաջիկա միջոցառումներն ու ժամանակացույցը, հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Նախարարին զեկուցվել է, որ բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրման հայեցակարգի նախագիծը մշակելուց առաջ ևս մեկ անգամ կուսումնասիրվի աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաև հաշվի կառնվեն Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու դրանցից բխող զարգացումները։

Լևոն Ալթունյանին ներկայացվել է այդ ուղղությամբ իրավական դաշտի ապահովման նախանշվող զարգացումները։

Փետրվարին առողջապահության նախարարը ներկայացրել էր նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---