Ամուլսարի ծրագրին կհետևի Անկախ խորհրդատվական խումբը

Ամուլսարի ծրագրին կհետևի  Անկախ խորհրդատվական խումբը

PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջանակներում ձևավորվել է Անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ: Այս մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

7 անդամից բաղկացած խումբը իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը, հետևելով, որ այն իրականացվի պարտավորվածությանը համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Խումբը նախագահելու է պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետ դոկտոր Ջոն Հարքերը:

Խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ և առարկայական խորհրդատվություն: Սա ներառում է բնապահպանական կառավարումը, սոցիալական կառավարումը, հանրային առողջությունը, ջրի կառավարումը, ինչպես նաև կենսաբազմազանությունը, թափոնների և ցիանիդի կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը և մարդու իրավունքները:

Խումբը անմիջականորեն առնչվելու է Ամուլսարի հանքի շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ:

Բոլոր անդամները ներկայացված են հանձնախմբում որպես անհատներ: Խմբի կազմը հետևյալն է՝ Դոկտոր Ջոն Հարքերը (Խմբի նախագահ) պատասխանատու հանքարդյունաբերության և բազմաշահառու գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Դոկտոր Հարքերը վերջին շրջանում Կանադայի Քեյփ Բրեթոն համալսարանի նախագահն էր և փոխկանցլերը: 1999-2000թթ.-ին կանադական կառավարության խնդրանքով ուսումնասիրել է երկրի խոշորագույն նավթային ընկերության գործունեության հնարավոր ազդեցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմի վրա:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ակարմազյանը բնապահպան ճարտարագետ է։ Դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էկոլոգիական մենեջմենթ, բնօգտագործման տնտեսագիտություն, ջրամշակման տեխնոլոգիաներ առարկաները։

Դոկտոր Հարություն Արմենեանը առողջապահության ոլորտում միջազգայնորեն ճանաչված փորձագետ է: Նա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության ֆակուլտետի ֆամաճարակաբանության պրոֆեսոր է, ինչպես նաև Ջոն Հոփկինս համալսարանի Առողջապահության դպրոցի պատվավոր պրոֆեսոր: Նա նաև Հայաստանում ամերիկյան համալսարանի նախկին նախագահն է:

Ջոն Հոբբսը բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ է: Մինչ վերջերս WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) արդյունահանող ճյուղերի գծով միջազգային տնօրենն էր, նախկինում նման պաշտոն է զբաղեցրել նաև Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման գործակալությունում:

Ալիսա Սավադյանը բնապահպանական և սոցիալական ազդեցության մասնագետ է, բնապահպան-իրավաբան: Տրամադրում է խորհրդատվություն Համաշխարհային բանկի /ՀԲ/, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ և Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ կողմից ֆինանսավորվող համայնքային զարգացման, ջրային ռեսուրսների և թափոնների կառավարման ծրագրերում:

Էլիսա Թոնդան ճանաչված բնապահպանական մասնագետ է: Նա աշխատել է թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ 15 տարուց ավելի աշխատել է ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում: Էլիսա Թոնդան Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի (ICMI) խորհրդի անդամ է: Ինստիտուտը հետևում է Ցիանիդի կարավարման միջազգային օրենսգրքի պատշաճ կիրառմանը:

Լյուկ Զանդվլիեթը սոցիալ-տնտեսական ոլորտի փորձագետ է, նա մասնագիտացած է շահագրգիռ կողմերի ներգրավման, դժգոհությունների կառավարման և կանխարգելման, ինչպես նաև սոցիալական ներդրումների ռազմավարության հարցերով հանքարդյունաբերական ընկերություններին խորհրդատվություն մատուցելու ոլորտում: «Ինչպես ճիշտ հասկանալ ընկերություն-համայնք կապը» գրքի համահեղինակն է, որն այս ոլորտի մասնագետների համար առաջատար աշխատություններից է:

Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

Կարդացեք նաև՝ ՀԲՃ. Ամուլսարում հանք բացելու դեպքում կվտանգվի Սևանա լիճը, Ջերմուկը, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---