Թուրքիայի պատասխանը «Խոստումին» տապալվել է բոլոր ճակատներում

Թուրքիայի պատասխանը «Խոստումին» տապալվել է բոլոր ճակատներում

PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսոր Թերի Ջորջի՝ Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին գրեթե զուգահեռ Թուրքիայի իշխանությունների ջանքերով նկարահանվել էր «Օսմանյան լեյտենանտը» (The Ottoman Lieutenant) ֆիլմը՝ հոլիվուդյան առաջատար աստղերի մասնակցությամբ՝ իբրև պատասխան Ցեղասպանության մասին ֆիլմին։

«Օսմանյան լեյտենանտ»-ում իրադարձությունները կրկին ծավալվում են Առաջին աշխարհամարտի տարիներին, այստեղ ևս կենտրոնականը սիրային եռանկյունին է, սակայն ֆիլմում նկարագրվում է ոչ թե Օսմանյան իշխանությունների կողմից կազմակերպված հայերի կոտորածն, այլ շեշտը դրվում է ներկայիս Թուրքիայի իշխանությունների այն «արդարացման» վրա, որ պատերազմի ընթացքում ու զուտ պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել են բազմաթիվ հայեր ու մյուս ազգերի ներկայացուցիչներ։ «Օսմանյան լեյտենանտը» պատմում է մի խիզախ թուրք սպայի մասին, ով ամերիկացի բուժքույրի հետ օգնում է պատերազմում վիրավորված հայերին. այսպես նրանք փորձում են հաստատել Թուրքիայի կողմից ներկայացված պատմական փաստերը։

Ինչպես ցանկացած պատվեր՝ զուրկ հեղինակի ստեղծագործական մոտեցումից, «Օսմանյան լեյտենանտ»-ը թե վարձույթում, թե կինոքննադատների ու կինոդիտողների աչքերում ցուցաբերել է վատագույն արդյունքները՝ տապալվելով, ըստ էության, բոլոր ճակատներում։

Այսպես, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմի հեղինակները չեն նշում արտադրական բյուջեն (որը կարող է բավականին բարձր լինել՝ հաշվի առնելով, որ ներգրավված են հայտնի դերասաններ Ջոշ Հարթնեթը, Բեն Քինգսլին ու Մայքլ Հույսմանը), «Օսմանյան լեյտենանտը», մեկնարկելով մարտի 10-ին ամերիկյան 216 կինոթատրոններում, հավաքել է ընդամենը $240․978։

Հուսադրող չեն նաև կինոքննադատների գնահատականները։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 21% է, ինչը համարվում է «փտած կինո»․23 գրախոսություններից 17-ը բացասական են։ Կինոդիտողների վարկանիշում միջին գնահատականը 5-ից 2,4 է՝ 440 գնահատած անձանց շրջանում։ Տխուր պատկեր է նաև Metacritic հռչակավոր ագրեգատորում, որտեղ ֆիլմի գնահատականը 26 է (կարմիր)՝ 13 քննադատական հոդվածների հիման վրա։

Կինոյի խոշորագույն IMDb ռեսուրսում 1895 գնահատականների հիման վրա ներկայումս ֆիլմի վարկանիշը 4,7 է, ինչը համարվում է վատ կինոյի ցուցանիշ։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---