ՀԲՃ. Ամուլսարի ծրագրով փորձագետների ներգրավումը շփոթեցնելու ձև է, իսկ ներդրումները՝ անուղղակի կաշառք

ՀԲՃ. Ամուլսարի ծրագրով փորձագետների ներգրավումը շփոթեցնելու ձև է, իսկ ներդրումները՝ անուղղակի կաշառք

PanARMENIAN.Net - Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջանակներում Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը ծրագրում գոյություն ունեցող խնդիրներից հասարակության ուշադրության շեղման նպատակ է հետապնդում: Այս կարծիքը PanARMENIAN.Net ին հայտնեց Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը:

Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի շրջանակներում ձևավորվել է Անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ, ապրիլի 27-ին տեղեկացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:

«Լիդիան Արմենիայի» այդ քայլերը մեզ չեն հետաքրքրում: Միջազգային ընկերությունների, փորձագետների ներգրավման քայլերն ուղղակի մարդկանց շփոթեցնելու և գլխավոր խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում:

Ամուլսարի ծրագիրն ունի այնպիսի անկառավարելի ռիսկեր, հիմնականում ստորերկրյա և հանքային ջրերի աղտոտման հետ կապված, որոնք ոչ մի փորձագետներով, միջազգային ստանդարտներով կամ ինչ-որ կազմակերպությունների գնահատականներով հնարավոր չէ կառավարել: Ցանկանում են տպավորություն ստեղծել, որ եթե խելացի մարդիկ հետևեն, մոնիտորինգ անեն, ապա ոչ մի խնդիր չի առաջանալու:

Իրանց կողմից տված գումարները համայնքներին կարելի է համարել այլընտրանքային կաշառք, Ջերմուկում ազգային պարկի ստեղծման ֆինանսավորումը նույնպես անուղղակի կաշառքի ձև է», - ասաց Գալստյանը:

Բնապահպանը հավելեց. «Այդ ընկերությունը միշտ հեքիաթներ է պատմում, որ կախարդական փայտիկով ջրերը կհոսեն անհրաժեշտ ուղղությամբ, կհավաքեն մի ավազանում ջրերը, կմաքրեն, հետո նորից բաց կթողնեն, կամ նույնիսկ քամին իրենց հրամանով ճիշտ ուղղությամբ կփչի»:

Գալստյանը շեշտեց, որ ծրագիրը չպետք է իրականացվի, և դա կախված է ՀՀ բնակչության գիտակցության մակարդակից:

Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումն ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

Կարդացեք նաև՝ ՀԲՃ. Ամուլսարում հանք բացելու դեպքում կվտանգվի Սևանա լիճը, Ջերմուկը, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելը

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---