Հայ զինվորները Տոլմայի փառատոնին տաղավար կունենան

Հայ զինվորները Տոլմայի փառատոնին տաղավար կունենան

PanARMENIAN.Net - «Ուդուլի» տոլմայի փառատոնին կմասնակցեն նաև հայ զինծառայողները։ Այս մասին հայտնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Տոլմայի փառատոնն անցկացվում է 7-րդ անգամ` սկսած 2011-ից։

Փառատոնը սովորաբար անցկացվել է Մուսալեռում և Սարդարապատում, իսկ այս տարի կանցկացվի Հնաբերդ գյուղում, որը գտնվում է պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու։

«25 տաղավար է լինելու, փառատոնին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ։ Այս տարի զինվորներն առաջին անգամ են մասնակցելու մեր փառատոնին, ընդ որում` սեփական նախաձեռնությամբ։ Ցանկալի է, որ մայիսը, հատկապես ամսվա երկրորդ կեսը, Հայաստանում տոլմայի ամիս դառնա», ասել է Մամուլյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` տոլմայի փառատոնը, ինչպես նաև մեր երկրում անցկացվող մյուս փառատոները կարևոր են երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։

«Փառատոնի շրջանակում կպատրաստվի ամենաերկար տոլման, մշակութային հագեցած ծրագիր է սպասվում ժողովրդական երգ ու պարով, բազմաթիվ մրցույթներով։ Յուրաքանչյուր ուղեկցորդ, որը զբոսաշրջիկին ներկայացնում է պատմամշակութային հուշարձանները, պարտավոր է իմանալ նաև ազգային խոհանոցի մասին, բացատրել հյուրերին, թե ինչ են նրանք ուտում», պատմել է Մամուլյանը։

Նա նաև շեշտել է, որ տոլման հայկական կերակուր է, առաջացել է՝ «տոլի» բառից և ամենևին էլ կարևոր չէ «դոլմա», թե «տոլմա» կկոչես այն:

«Տոլմայի նախնական ձևը եղել է խաղողի վազից ու ծեծված մսից, հետո փոփոխվել է, առաջացել են տարբեր եղանակներ պատրաստման՝ կախված տարածաշրջանից: Էական նշանակություն չունի՝ «տոլմա» կասես, թե «դոլմա», որովհետև ժամանակին այն կոչվել է նաև ուդուլի, իսկ վեճը՝ «տ», թե «դ», արհեստական է»,- ասել է Մամուլյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---