ՄԻՊ-ն անազատության մեջ գտնվողների պայմանները բարելավող օրինագծեր է մշակել

ՄԻՊ-ն անազատության մեջ գտնվողների պայմանները բարելավող օրինագծեր է մշակել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի կողմից շրջանառության են ներկայացվել ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական նախագծեր:

Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների հետ, քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը:

Այդ հարցերը տեղ են գտել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում, ինչպես նաև քննարկվել են Պաշտպանին առնթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդում:

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է.

- ազատազրկման դատապարտված և կալանավորված անձանց կարճատև և երկարատև տեսակցություններ, ինչպես նաև կարճատև մեկնումներ տրամադրելու հիմքում դնել ոչ թե անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանը, այլ հաշվի առնել վերջինիս անհատական վարքագիծը և ռիսկայնությունը,

- կալանավորված անձանց համար նախատեսել երկարատև տեսակցության հնարավորություն,

- մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակով նախատեսել դատապարտյալին քրեակատարողական մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխելու օրենսդրական հիմք

- առանց խնամքի մնացած երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսել կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորություն՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով,

- ժամանակավոր վկայական ստանալու հնարավորություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված անձանց համար,

- քաղաքացիաիրավական գործարքներ կնքելու խնդրանքի հիման վրա վերցված ժամանակավոր վկայականը կամ նույնականացման քարտը տրամադրելու պարտականություն նախատեսել ոչ միայն ազատազրկման դատապարտված, այլ նաև կալանավորված և ձերբակալված անձանց համար:

Վերոնշյալ նախագծերը և դրանց հիմնավորումները ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարություն՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախագծերը կարծիքի կուղարկվեն նաև համապատասխան իրավապաշտպան կազմակերպություններին: Ստացած կարծիքները կքննարկվեն բոլոր շահագրգիռ մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների հետ՝ ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---