Մանչեսթերի ահաբեկիչը մոտ 1 տարի պատրաստվել է գործողությանը

Մանչեսթերի ահաբեկիչը մոտ 1 տարի պատրաստվել է գործողությանը

PanARMENIAN.Net - Մանչեսթերում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող Սալման Աբեդին առնվազն 1 տարի առաջ է սկսել պատրաստվել հարձակման:

22-ամյա տղամարդը հարձակումից մոտ 12 ամիս առաջ հաշվեհամար է բացել բանկում, որը հետագայում օգտագործել է ինքնաշեն պայթուցիկի համար բացադրիչներ գնելու նպատակով, գրում է Deutsche Welle-ն The Times-ի վրա հղումով:

Կասկածներ չառաջացնելու համար, նա գնումներ է կատարել տարբեր խանութներից, մասնավորապես, B&Q տնտեսական ձեռնարկությունից, որը մանրածախ առևտրով է զբաղվում, և Screwfix ընկերությունում, որը գտնվում է Մանչեսթերի արվարձանում: Նա հատուկ այնպես է ծրագրել, որ գնումները տարբեր օրերին արվեն: Բոլոր գնումներն արվել են մինչև ապրիլի կեսը, երբ Աբեդին կարճ ժամանակով Լիբիա է մեկնել:

Մինչդեռ բրիտանական ոստիկանությունը մայիսի 26-ին հայտնել է, որ ահաբեկչության գործով ևս մի տղամարդ է ձերբակալվել, ուստի այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվը Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ահաբեկչության գործով հասնում է 8-ի: Նախկինում 2 ձերբակալված ազատ է արձակվել առանց մեղադրանք ներկայացնելու:

Մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի «Մանչեսթեր Արենա» (Manchester Arena) մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից անմիջապես հետո 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ մոտ 120-ը:

Հաստատվել է ահաբեկչի ինքնությունը՝ 22-ամյա Սալման Աբեդին՝ Լիբիայից Բրիտանիա ներգաղթած ընտանիքից: Ոստիկանությունը ձերբակալել է նաև նրա ավագ եղբորը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---