Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ Շառլ Ազնավուրի կեցավայրում

Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ Շառլ Ազնավուրի կեցավայրում

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Երևանում՝ Կասկադի հարևանությամբ գտնվող Շառլ Ազնավուրիկեցավայրում, տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ պետության կողմից «Ազնավուր» հիմնադրամին պաշտոնապես փոխանցվել են աշխարհահռչակ շանսոնյեի կեցավայր-թանգարանի բանալիները։ Հենց այս շենքում է բացվելու Հայաստանում առաջին ինտերակտիվ թանգարանը՝ նվիրված շանսոնյեի կյանքին ու գործունեությանը։

Այն նաև դառնալու է աշխարհում առաջին թանգարանը, որտեղ հերոսը թանգարանի այցելուներին իր կյանքի պատմությունն անձամբ է պատմում. տեքստերն ու աուդիո ձայնագրությունները հենց Շառլ Ազնավուրինն են։

Հունիսի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ, հայտարարել է «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին, որի նպատակն է մաեստրոյի ստեղծած ժառանգության պահպանությունն ու հանրայնացումը, ինչպես նաև կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի մշակումն ու իրականացումը։

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, շանսոնյեՇառլ Ազնավուրը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, նախագծի գործընկերները։ Նախագահ Սարգսյանը հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրին հանձնեց կեցավայրի խորհրդանշական բանալին։

Շառլ Ազնավուրը Հայաստանում իր բարեգործական գործունեությունը սկսել է 1988թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարիների ընթացքում նրա կողմից ներդրված ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերին: 2016 թ.Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին նոր լիցք տալ մաեստրոյի բարեգործական գործունեությանը։ Արդյունքում ստեղծվեց «Ազնավուր» հիմնադրամը:

«Մեծ ուրախությամբ եմ հայտարարում Հայաստանում «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին։ Համահիմնադիրը որդիս է՝ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամը կշարունակի 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր իմ կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը: Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Հայաստանի բնակչության առավել խոցելի խավերին, ինչպես նաև Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում թանգարան ստեղծել: Այս թանգարանը կհյուրընկալի մշակութային ու կրթական միջոցառումներ և կդառնա Երևանի կարևորագույն տեսարժան վայրերից մեկը: Այս նախաձեռնությունը Հայաստանի ապագայի հանդեպ իմ նվիրվածության վկայությունն է, որը, հուսով եմ, կխրախուսի սփյուռքի ներգրավվածությունը և կհետաքրքրի այցելուների աշխարհի բոլոր կողմերից:

Այս որոշումը կայացրել եմ մեծագույն վստահությամբ՝ տեսնելով վերջին տարիներին Հայաստանում իրականացված հրաշալի կրթական ծրագրերը, պատմական հուշարձանների վերականգնումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Բոլորս մեր համատեղ ջանքերը պետք է ուղղենք հայրենիքի զարգացմանը, որպեսզի հայ երիտասարդներին հնարավորություն ընձեռենք իրենց երազանքները կյանքի կոչելու հայրենի երկրում՝ հարազատ մարդկանցով շրջապատված»,- ասել է Ազնավուրը:

«Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում Շառլ Ազնավուրի թանգարանի ստեղծումն է։ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել երգչի բոլոր պարգևները, անձնական իրերը և այն ամենը, ինչ կազմում է մաեստրոյի ժառանգությունը: Հիմնադրամի ծրագրերի մշակումը և իրագործումը կղեկավարի անձամբ Նիկոլա Ազնավուրը: Հիմնադրամի գլխավոր տնօրենն է Քրիստինա Սարկիսյանը։

«Ինձ համար պատիվ է և հպարտություն, որ հայրս նման պատասխանատու գործը՝ Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելն ինձ է վստահել: Անկախ մեր ժողովրդին հանդիպած բոլոր մարտահրավերներին՝ մենք հազարամյակների ամուր ու խոր արմատներ ունենք, և մեր պարտքն է հոգ տանել դրանց մասին», - նշել է համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը։

«Շառլ Ազնավուրի կողմից իր մասին պատմող տեքստը ձայնագրվել է, որն աուդիոգիտով ներկայացվելու է: Հայտնվելով թանգարանում՝ դուք կարող եք հենց իրենից լսել իր անցած ուղու պատմությունը»,- լրագրողներին ասել է «Ազնավուր» հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստինա Սարկիսյանը, գրում է Panorama.am-ը:

Նա տեղեկացրել է, որ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել իրենց բոլոր պարգևները, անձնական իրերը, առաջին դաշնամուրը, ոսկյա ձայնասկավառակները և այն ամենը, ինչ կազմում է Մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգությունը:

Թանգարանում, նրա խոսքով, ներկայացված են լինելու Ազնավուրի կյանքի բազմաթիվ ասպեկտներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ. «Երաժշության ոլորտում գործելուց բացի, նաև դերասանական կարիերա է ծավալել` աշխատելով աշխարահռչակ ռեժիսորների հետ: Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Կյանքի այդ հատվածը նույնպես ներկայացվելու է»:

Թանգարանում ներկայացված է լինելու Ազնավուրի ընտանիքի անցած ուղին, թե ինչպես են Կոստանդնուպոլսից նավով փախել, հասել նախ Սալոնիկ, ապա Մարսել, այնուհետև Փարիզ, արտապատկերված ներկայացվելու է նրա ընտանիքի առաջին բնակարանը Փարիզում:

«Առաջին սենյակը լինելու է անմիացիա՝ արված ավազից, իսկ ավազը խորհրդանշական նշանակություն ունի, որովհետև շատ ընտանիքներ Կոստանդնուպոլսից փախնելիս մահացել են Դեր Զորի անապատում»,- նշել է Սարկիսյանը:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես է գալիս որպես հարթակ՝ ինտերակտիվ թանգարանի ստեղծման նախագծում։ Ծրագրինաջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Moonlightproduction, AraratBrandycompany, Doping, Marog, «Ծիրանի» ընկերությունները։

«Ազնավուր» հիմնադրամը կոչ է անում ու ողջունում է բոլոր անհատներին և կազմակերպություններին՝ միանալու այս նախագծին։

Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի բացումը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերի 7-ին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ներկայությամբ։

Հինգհարկանի շենքը գտնվում էԵրեւանի Կասկադիհարեւանությամբ։ Այն ներառում է թանգարան, բացօթյա համերգասրահ՝ նախատեսված 120-150 հանդիսատեսի համար, ինչպես նաև Շառլ Ազնավուրի կեցավայրը։ Շենքի շինարարությունը մեկնարկել էր 2007 թվականին ու ավարտվել 2009-ին։ 2017 թ. մարտի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել շենքը նվիրաբերել «Ազնավուր» հիմնադրամին՝ որպես պայման նշելով, որ այն ծառայելու է բացառապես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան լինելու գործին։

Կարդացեք նաև՝ Չծերացող Ազնավուրը. Ինչպես է անցել «Լա Բոհեմը» բալետի երևանյան պրեմիերան

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---