7 հունիսի 2017 - 12:45 AMT
Հալեպցի տղան. Մեկ տարի անց ծնողները ցույց են տվել սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշ դարձած երեխային

2016-ի օգոստոսին ամբողջ աշխարհը ցնցեց սիրիացի տղայի լուսանկարը, որը վիրավորվել էր Հալեպում ավիահարձակման ժամանակ: 5-ամյա Օմրանին թղթակիցները լուսանկարել էին շտապ օգնության մեքենայում՝ արնաշաղախ և փոշիով պատված երեխան դարձավ սիրիական պատերազմի դաժանության խորհրդանիշը: Մեկ տարի անց հայտնվել են Օմրանի նոր լուսանկարները, որն արդեն ապաքինվել է և ընտանիքի գրկում է: «Մեդուզան» պատմել է, թե ինչպես է երեխան դարձել երկու հակադիր բևեռների խորհրդանիշ:

Օգոստոսի 17-ին Հալեպի բնակելի թաղամասերին հարվածներ են հասցվել օդից. մի քանի մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել: Նրանց թվում էր նաև 5-ամյա Օմրան Դաքնիշն ու նրա ընտանիքը: Նրանց տունն արկակոծվել էր: Օմրանը վիրավորվել էր գլխից, սակայն ողջ էր մնացել: Ընտանիքի մյուս անդամները ևս կյանքին չսպառնացող վիրավորումներ էին ստացել:

Թղթակիցները լուսանկարել էին Օմրանին շտապ օգնության մեքենայում շոկային վիճակում՝ տղան չէր բղավում և չէր լաց լինում, այլ ուղղակի անհաղորդ նայում էր: Հաջորդ օրը Օմրանին դուրս են գրել հիվանդանոցից: Նրա բուժող բժիշկն ասել է, որ այդ ամբողջ ընթացքում տղան ոչ մի անգամ լաց չի եղել: Նրա լուսանկարը դարձավ սիրիական պատերազմի ամենահիշվող ֆոտովկայություններից մեկը և խաղաղ բնակիչների տառապանքների խորհրդանիշը: Թղթակիցը, որը տեսանկարել էր, թե ինչպես են փրկել Օմրանին, ասել է, որ բազմիցս է նման տեսարաններ տեսել: Ըստ Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի, միայն 2016-ի օգոստոսին Հալեպում 142 երեխա է զոհվել:

Օմրանի ընտանիքն ապրում էր արևելյան Հալեպում, որն այն ժամանակ ապստամբների հսկողության տակ էր: Արևմտյան պարբերականները հայտնել են, որ օգոստոսի 17-ին քաղաքի բնակելի թաղամասերին ավիահարվածներ են հասցրել կամ սիրիական կամ ռուսական զորքերը: Սակայն ՌԴ ՊՆ-ն դա ժխտում է: Չնայած դրան, համաշխարհային ԶԼՄ-ներից շատերը օգտագործել են տղայի լուսանկարները ինչպես Ասադի ռեժիմի դաժանության մարմնացում: Սոցցանցերի օգտատերերը կոլաժներ են հրապարակել Օմրանի հետ և կոչ են արել դադարեցնել արյունահեղությունը՝ կատարվածի համար պատասխանատվությունը դնելով ՌԴ և ԱՄՆ վրա, ինչպես նաև տղյաին անվանում էին «Սիրիայի ժողովրդի իսկական ներկայացուցիչ»:

Սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց, Օմրան Դաքնիշի ընտանիքը Հալեպի պաշարման ժամանակ իրականում հավատարիմ էր Ասադի ռեժիմին և տեղափոխվել է քաղաքի արևմտյան մաս հենց որ այդպիսի հնարավորություն է առաջացել:

Լուսանկարի հրապարակման պահից Դաքնիշ ընտանիքը հրաժարվում էր շփվել մամուլի հետ, սակայն 2017-ի հունիսի սկզբին խախտեց լռությունը: Տղայի և նրա հոր հետ հաջողվել է շփվել հեռուստալրագրող Քինանե Ալլուշին: Նա է իր ֆեյսբուքյան էջում հրապարակել տղայի առաջին լուսանկարները ողբերգությունից հետո: Լուսանկարներում Օմրանը նստած է հոր ծնկներին, իսկ կողքին՝ նրա եղբայրն ու քույրն են: Տղան միանգամայն առողջ է թվում, թեև նույնքան անհաղորդ: Եվս մեկ լուսանկարի վրա Քինան Ալլուշը լուսանկարված է տղայի հետ Սիրիայի դրոշի ֆոնին՝ երկուսն էլ ժպտում են և հաղթական նշան ցույց տալիս աջ ձեռքով:

Ավելի ուշ Ալլուշը հրապարակել է նաև փոքր հարցազրույց տղայի հոր հետ, որտեղ նա պատմում է, որ չի լսել թռչող ինքնաթիռների ձայնը մինչև ռումբի պայթյունը՝ հավելելով նաև, որ նա հրաժարվում է լքել Սիրիան, քանի որ հավատարիմ է Ասադի ռեժիմին: Ըստ նրա, հարկ եղավ սափրել երեխայի գլուխը և փոխել նրա անունը՝ թաքնվելու համար ապստամբներից ու մամուլից: Տղամարդը նաև խոսում է այն մասին, որ նրա որդու կերպարն օգտագործել են կառավարությանը վարկաբեկելու համար: Հոլովակում ցույց է տրվում, թե ինչպես է ընտանիքը տեղավորվել նոր տեղում՝ օրինակ, երեխաներն ունեն վառ գույնի երկհարկանի մահճակալ:

Քինան Ալլուշը գործակցում է սիրիական մասնավոր Addounia TV հեռուստաալիքի հետ, որը համարվում է կառավարամետ: 2016-ի ապրիլին լրագրողուհին դժկամության ալիք բարձրացրեց իր ֆեյսբուքյան էջում լուսանկար տեղադրելով Սիրիայի բանակի զինծառայողի հետ սպանված ապստամբների դիերի ֆոնին: Լուսանկարներն անվանեցին «սպանիչ սելֆին»: Արևմտյան ԶԼՄ-ները ենթադրում են, որ Օմրան Դաքնիշի նոր լուսանկարներն ու խաղաղ կյանքի տեսանյութերը կարող էին արվել ու հրապարակվել քարոզչության նպատակով:

2016-ի նոյեմբերին հայտնի ամերիկյան System of a Down (SOAD) խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը իր Instagram-ում սիրիացի երեխայի լուսանկար էր տեղադրել, հավանաբար, գնդակոծություններից տուժած, և գրել է, որ մտադիր է որդեգրել նրան: