Դեսպան Միլս. ԱՄՆ ներդրողները հետաքրքրված են ՀՀ էներգետիկայի ոլորտով

Դեսպան Միլս. ԱՄՆ ներդրողները հետաքրքրված են ՀՀ էներգետիկայի ոլորտով

PanARMENIAN.Net - Ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում կա հետաքրքրություն Հայաստանի էներգետիկ ոլորտի հանդեպ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ հավելելով, որ էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումային ներուժի մասին ցուցանիշը հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից, և գնահատումները դեսպանությունում նույնպես հաստատում են, որ կա այդպիսի ներուժ, հայտնում է Panorama.am-ը:

Մայիսին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր, որ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով եւ շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա:

Դեսպանը նշել է, որ խոսքը ներուժի, հնարավոր ներդրումների մասին է, որը հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի և հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան:

«Այսինքն՝ դա այն պայմաններում հնարավոր կլինի, երբ նման ենթակառուցվածքներ առկա լինեն»,- ընդգծել է դեսպանը:

Ռիչարդ Միլսը նշել է, որ այդ 8 մլրդ-ը վերաբերում է նաև ենթակառուցվածքների ձևավորմանը:

Նա նաև նշել է, որ հունիսի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հետ տեղի են ունեցել մի շարք օգտակար հանդիպումներ, որի ժամանակ նախարարը ներկայացրել է 2 ներդրումային ծրագիր: Դրանցից մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը: Ռիչարդ Միլսի խոսքերով՝ իրենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում են ամերիկյան ներդրողների ուշադրությանը:

Մայիսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ, կազմակերպել էր մեկօրյա համաժողով, որի ընթացքում վերականգնվող էներգետիկայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ քննարկեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի