Հոքինգը կոչ է անում մարդկությանը որքան հնարավոր է շուտ լքել Երկիրը

Հոքինգը կոչ է անում մարդկությանը որքան հնարավոր է շուտ լքել Երկիրը

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ մարդկությունը պետք է գաղութացնի Մարսն ու Լուիսնն առաջիկա 30-50 տարում, հայտնում է The Telegraph-ը:

Ելույթ ունենալով Նորվեգիայում ընթացող Starmus IV գիտության և արվեստի միջազգային փառատոնում՝ Հոքինգը նշել է, որ մարդկության վախճանն աստերոիդի անկումից, կլիմայական աղետներից կամ գերբնակեցումից միայն ժամանակի հարց է, ուստի կոչ է արել որքան հնարավոր է շուտ հեռանալ Երկրից:

«Ես վստահ եմ, որ մարդիկ պետք է լքեն Երկիրը: Մեր մոլորակում գնալով ավելի քիչ տեղ է մնում մեզ համար, իսկ մեր ֆիզիկական ռեսուրսները շատ արագ սպառվում են»,-հավելել է նա:

Հոքինգն անհրաժեշտ է համարում առաջիկա 30 տարում բազա հիմնել Լուսնի վրա: Հետո, ըստ գիտնականի, մարդիկ պետք է բնակեցնեն Մարսը՝ դրա համար 50 տարի կպահանջվի: Ընդ որում, մարդիկ հարկ կլինեն իրենց հետ տանել բույսեր, կենդանիների, սնկեր և միջատներ:

Սակայն Հոքինգն առաջարկում է չսահմանափակվել բացառապես Արեգակնային համակարգով, դուրս գալ դրա սահմաններից դուրս՝ հասնելով մոտակա աստղային համակարգին՝ Ալֆա Ցենտավրային, որտեղ, ըստ գիտնականների, կյանքի համար պիտանի մոլորակ կա՝ Proxima b-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ հանրահայտ ֆիզիկոսը հայտարարել էր, որ աշխարհի վերջը կլինի առաջիկա 1000 տարում տեխնածին աղետի պատճառով:

Ավելի վաղ Սթիվեն Հոքինգը ենթադրել էր նաև, որ այլմոլորակային քաղաքակրթությունների որոնումները կարող են այնքան լավ չավարտվել, ինչպես պատկերացնում են որոշ գիտնականներ: Ըստ Հոքինգի, հանդիպումն այլմոլորակայինների հետ կարող է տեղի ունենալ «հալածող- հալածյալ» սխեմայով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---