Նախարար. Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում մեծ ռիսկեր է ստեղծում

Նախարար. Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում մեծ ռիսկեր է ստեղծում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի, կամ ցանկացած այլ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքի նկատմամբ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերմունքի մեջ որևիցե բան չի փոխվել։ Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձավ վերջերս ՌԴ-ից Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարման հանգամանքին։

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, որովհետև Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով։ Այդ երկրի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և երբեմն վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ։ Այդ առումով, լինի դա ռուսական, իսրայելական, թե թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը նոր մեծ ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե Ադրբեջանում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահին, այդ թվում՝ առաջիկա ապագայում»,- ասաց նախարարը։

Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ունի փոխգործակցության իր՝ ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիրը։

«Մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում։ Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, և մեր խնդիրները, որոնք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև ու կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը։ Մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, ստանում ենք նաև ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում։ Այն, ինչ մենք գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով՝ ՌԴ ներքին շուկայի գներով, և դա մեզ համար շատ կարևոր շուկա է զենքի ձեռքբերման։ Եթե որևէ պաշտոնյա ձեզ Հայաստանում ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ, նա անկեղծ չի լինի»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը։

Բաքուն ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է ստացել Ռուսաստանից: Մատակարարումը պլանային է և իրականացվել է ըստ Ադրբեջանի և ՌԴ միջև ռազմատեխնիկական գործակցության մասին գործող միջկառավարական համաձայնագրի:

Բաքվի նավահանգիստ ժամանած արդիական սպառազինության նոր մեծ խմբաքանակը մոտ ապագայում կուղարկվի առաջնագիծ, հայտնում է ԱՊԱ գործակալությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության վրա հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր խմբաքանակը կհզորացնի Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների մարտական և մանևրային կարողությունները զրահատեխնիկայի, ինժեներային և պաշտպանական կառույցների, փոքր արագության ունեցող օդային թիրախների, կենդանի ուժի և հակառակորդի այլ օբյեկտների խոցման առումով:

Նշվում է, որ ռուսական ռազմատեխնիկայի և սպառազինության առաքումներն Ադրբեջան կշարունակվեն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---