Կոնվերսբանկում ավազակային հարձակումը բացահայտվել է. Կան ձերբակալվածներ

Կոնվերսբանկում ավազակային հարձակումը բացահայտվել է. Կան ձերբակալվածներ

PanARMENIAN.Net - Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարվածավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երևանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Ոստիկանությունից մանրամասնում են, որ Աշտարակի բնակիչ, 1988 թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:

Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից 5 օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:

Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:

Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվել են նաև Երևանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից: Աշոտ Մանուկյանը ևս ձերբակալվել է:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքնության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարոնակվում է:

Պյոտր Ցիգանովի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---