Թանկյանի «Օրկայի» պրեմիերան Երևանում. Հեղինակը տպավորված է սիմֆոնիայի կատարմամբ

Թանկյանի «Օրկայի» պրեմիերան Երևանում. Հեղինակը տպավորված է սիմֆոնիայի կատարմամբ

PanARMENIAN.Net - System Of A Down հայտնի խմբի մենակատար Սերժ Թանկյանը տպավորված է Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի երիտասարդական նվագախմբի`Օրկա #1 սիմֆոնիայի կատարմամբ։

«Ես շատ տպավորված եմ։ Կատարումն ինձ հիացրեց և նույնիսկ հուզեց, անկեղծ ասած… Ֆանտաստիկ աշխատանք է, հիանալի էր։ Ես հիմա լսում ու մտածում էի` մեր գանձերը ոչ թե գետնի տակ են, այլ այստեղ…», -ասել է ռոք-երաժիշտը, գրում է Sputnik Արմենիան։

Հուզիչ և զգացմունքային ստեղծագործությունն ուժեղ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ «Օրկա» սիմֆոնիան, որը բաղկացած է չորս մասից, գրված է որպես զրույց մարդկության հետ, ստեղծագործության մեջ հեղինակը կետին համեմատում է մարդկանց հետ։

Օպերան ներկայացնում է կենդանու ամբողջ կյանքի ընթացքը։ Առաջին գործողությունը կոչվում է Victorious Orcinus։ Նա ներկայացնում է հաղթողի կյանքը, որը կարող է սպանել և հասնել բազմապիսի բարձունքների իր ֆիզիկական հզորության շնորհիվ։ Սակայն երկրորդ գործողության ժամանակ կետը ջրի հատակն է անցնում և ընկղմվում մեդիտացիայի մեջ` փորձելով բացահայտել ինքն իրեն։ Այդժամ նա հասկանում է`փաստորեն դելֆինների դասին է պատկանում։ Կետին համեմատելով դելֆինի հետ` որպես մարդու լավ և վատ տեսակներ, Թանկյանը փորձում է ասել, որ մեր ներսում բոլորս լույս և մութ կողմեր ունենք։ Եվ յուրաքանչյուրն ինքն է որոշում` գնալ դեպի լույս և հավատալ կյանքին, թե ոչ։

2013 թվականին Օրկա #1–ը թողարկվել էր որպես ալբոմ։

Համերգը տեղի է ունեցել Արամ Խաչատրյանի անվան V միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված էր ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին։ Ավելի վաղ Սերժ Թանկյանը խոստովանել էր, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել իր սիմֆոնիան Արամ Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---