Երևանը «Կանաչ քաղաք» կդառնա. Ծրագրի մեխանիզմներն ու միջոցառումները քննարկվում են

Երևանը «Կանաչ քաղաք» կդառնա. Ծրագրի մեխանիզմներն ու միջոցառումները քննարկվում են

PanARMENIAN.Net - Երևանում նախատեսվում է իրականացնել «Կանաչ քաղաք» ծրագիրը: Քաղաքապետարանում կազմակերպված երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները:

Ծրագիրը մշակած «Էրնսթ ընդ Յանգ» ընկերության, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, միջազգային և տեղական փորձագետների կողմից ներկայացվել են շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգախնայողության և էներգաարդյունավետության, արտաքին լուսավորության, արդյունաբերության, թափոնների կառավարման, հողօգտագործման ոլորտներում նախատեսված միջոցառումները, մարտահրավերները և միջազգային լավագույն փորձը:

Ողջունելով ներկաներին՝ աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ)՝ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակմանը Երևանի քաղաքապետարանին ցուցաբերած աջակցության համար: Վարչության պետը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում ներառված ոլորտային միջնաժամկետ միջոցառումները արդեն իսկ ներկայացված են Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրի նախագծում, իսկ կարճաժամկետ միջոցառումները կներառվեն Երևանի զարգացման միամյա ծրագրերում: Տիգրան Սարգսյանը ծրագրի իրագործման հաջողությունը պայմանավորել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ, ինչպես նաև կոնկրետ միջոցառումներին բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Ռուդիկ Թադևոսյանն իր հերթին նշել է, որ Երևանի համար մշակված այս ծրագիրը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության առաջին կիրառությունն է։ Նա բարձր է գնահատել Երևանի քաղաքապետարանի կողմից ծրագրի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալների հավաքման, ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի վերջին՝ 4-րդ փուլում կիրականացվի մոնիթորինգ, կգնահատվեն արդեն իրականացված աշխատանքների արդյունքներն ու գրանցված առաջընթացը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---