31 հոկտեմբերի 2017 - 11:11 AMT
House of Cards-ը փակվում է Սփեյսիին մանկապղծության փորձի մեջ մեղադրանքների ֆոնին

Ամերիկյան կինո և տեսաարտադրություն առաջարկող Netflix ընկերությունը չեղյալ է հայտարարում բարձր վարկանիշ ունեցող House of Cards («Քարտերի տունը») սերիալի հետագա թողարկումները՝ սերիալի գլխավոր դերասան Քեվի Սփեյսիի՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու փորձի մասին լուրից հետո: Գալիք՝ 6-րդ եթերաշրջանը սերիալի վերջինն է լինելու։

The Telegraph-ի հետ զրույցում Netflix-ի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ընկերությունը խորապես մտահոգված է Քեվին Սփեյսիի մասին մամուլի հրապարակումներով: «Մամուլում այս հրապարակումներից հետո մենք հանդիպել ենք սերիալի ստեղծագործական անձանկազմի հետ՝ համոզվելու համար, արդյոք ապահով են զգում իրենց»,-ասել է ընկերության խոսնակը:

Օսկարակիր դերասանը մեղադրվում է 26 տարեկանում Նյու Յորքի իր բնակարանում 14-ամյա Էնթոնի Րափփի նկատմամբ սեռական ոտնձգության փորձի մեջ: Դերասանը խոստովանել է, որ միասեռական է, և ներողություն է խնդրել Րափփից՝ ասելով, որ չի կարողանում հիշել հեռավոր 1986-ին նյույորքյան իր բնակարանում կատարվածի մասին:

House of Cards-ը հեռարձակվում է 2013 թվականից։ IMDB վարկանիշի համաձայն, այն մտնում է առավել բարձր գնահատված սերիալների քսանյակի մեջ։