Երևանում աչքի եզակի վիրահատություններ են կատարվել

Երևանում աչքի եզակի վիրահատություններ են կատարվել

PanARMENIAN.Net - Երևանում աչքի եզակի վիրահատություններ են կատարվել: Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնում երկու փոքրիկ տղա է վիրահատվել՝ եզակի ծավալով և բարդությամբ. անհրաժեշտ էր հեռացնել նրանց կատարակտը և ակնային սպին, որ խանգարում էր աչքի բնականոն աճին:

Բարդ գործողությունն իրականացրել է ճանաչված վիտրեոռետինալ վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը, իսկ աշխատանքին հետևում էր հանրաճանաչ վիրաբույժ Թոմաս Լին:

«Ծնվելուց հետո երեխաների թերի զարգացման պատճառով զարգացել է մի վիճակ, որը խանգարում է թե՛ տեսողությունը, թե՛ աչքի բնականոն աճին: Մենք փորձում ենք ուղղել այդ խնդիրը, որպեսզի արդյունքում նրանք առողջ տեսողություն ունենքն»,-ասել է Հայկական ակնաբուժության նախագծի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի վիրաբույժ Թադևոս Հովհաննիսյանը:

Երկու երեխաների առողջական վիճակը մի քանի շաբաթ է՝ քննարկվում է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի միջազգային մենթորների՝ Լոս Անջելեսի Մանկական հիվանդանոցի Աչքի կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի և Միացյալ Թագավորության Մուրֆիլդսի աչքի հիվանդանոցի և Royal Free London հիվանդանոցի մանկական ռետինայի վիրաբույժ Սուի Չեն Ուոնգի հետ: Նրանք հանգել են այն եզրակացության, որ չնայած վիրահատությունները բարդ և եզակի են, հայ բժիշկներն իրենց ուժերով լրիվ պատրաստ են այն իրականացնել, իսկ մենթորները նրանց կհետևեն հեռաբժշկության համակարգով:

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին, որ վիրահատության ընթացքին հետևում էր հեռաբժշկության համակարգով, վիրահատությունից հետո ասել է. «Վիրահատությունը շատ լավ անցավ: Բժիշկները կարողացան ոչ միայն մաքրել երեխայի կատարակտը, այլ նաև դրա հետևի արտերիայի մնացորդները: Վիրահատության ընթացքը գերացանց էր, ոչ մի բարդություն չեմ տեսնում և կարծում եմ, որ այս երեխան հրաշալի տեսողության պոտենցյալ ունի»:

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը Հայկական ակնաբուժության նախագծի ծրագրերից մեկն է՝ ուղղված Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելմանը: Այն իր աշխատանքներն իրականացնում է միջազգային հանրաճանաչ մասնագետների հետ գործակցությամբ: Նման բարդ վիրահատություններին պատրաստվելու համար անգամ ամենավարժ վիրաբույժները վերապատրաստման անհրաժեշտություն ունեն, ինչն ապահովել է ՀԱՆ-ը:

Արտասահմանյան լուրջ վերապատրաստում անցած հայ մասնագետներով և գերժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնում վերջին տարիներին արդեն բուժում են ստանում փոքրիկներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև տարածաշրջանի մի քանի երկրից:

«Ես շատ տպավորված եմ Հայաստանի բժիշկների հմտությունների զարգացման արդյունքներով, ովքեր վերապատրաստվել են՝ իրականացնելու այսպիսի բարդ վիրահատություն: Հրաշալի աշխատանք է՝ տպավորիչ արդյունքով», ասել է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի մենթոր Թոմաս Լին, ասվում է Հայկական ակնաբուժության նախագծի հաղորդագրության մեջ:

Հայաստանում անհասության ռետինոպաթիայի ստուգման և բուժման ազգային ծրագիրը Հայկական ակնաբուժության նախագիծը սկսել է 2010-ին, իսկ 2014-ին հիմնել Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը: 2010-ից մինչև 2017թ. առաջին կիսամյակ ընկած ժամանակահատվածում 6.300-ից ավելի թիրախային խմբի երեխա ենթարկվել է ակնային առաջնային և ընթացիկ ստուգումների, 15.500-ից ավելի անհասության ռետինոպաթիայի ստուգում է իրականացվել, շուրջ 120 երեխա լազերային բուժում, իսկ 85-ը՝ ներակնային սրսկում է ստացել, 44 վիտրեոռետինալ և հարակից վիրահատություն է իրականացվել՝ այս ամենը՝ փոքրիկներին կուրությունից փրկելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---